«Հետախուզությունը կռահել է ամենաբարդ խնդիրը». Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի եւ «Երիտասարդ կովկասագետների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը դասախոսություն ընթերցեց ուսանողների համար՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմամթերքի համեմատությունը» խորագրով: Դասախոսության ընթացքում Հովհաննիսյանն անդրադարձավ 1980-ական թվականների զենք ունենալու փաստին՝ նշելով, որ աշխարհում ավելի նոր արտադրության զենք պարզապես չկա. «Ռուսական զենքերի դեպքում ընդհանրապես 90-ականների զենք հասկացություն չկա, առավել եւս՝ 2000-ականների: Ամբողջ աշխարհում ամենա-ամենա առաջադեմ պետությունների մոտ, հատկապես՝ ցամաքային զինատեսակների ծանրակշիռ մեծամասսնությունեը՝ մոտ 70-80 տոկոսը, ստեղծվել է 80-ական թվականներին, որովհետեւ սառը պատերազմի պիկը եղել է այդ ժամանակ, զինագործության ամենամեծ բումը այդ թվերին է եղել»: Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում մեր հետախուզության գործունեությանը՝ ասելով. «Հետախուզությունը ոչ միայն կռահել է նախորդող գործողությունների մասին, այլեւ ամենաբարդ խնդիր, որը ավելի կարեւոր է, քան նույնիսկ հարձակման պահը, այն է՝ հարձակման հիմնական ուղղությունը: Անցնող 1,5 տարիների ընթացքում հակառակորդը 180-ից ավել դիվերսիոն ներթափանցման փորձ կամ անմիջապես դիվերսիոն ներաթափանցում է արել: Տարի ու կես հակառակորդը գրեթե ամեն շաբաթ նոր ուժեր է բերել առաջնագիծ: Նման պայմաններում մեղավոր գտնել հետախուզության մեջ, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ, որովհետեւ հակառակորդը ամեն օր նոր բերված ուժերով հարձակվել է, դու ամեն օր իր հարձակումը սպասել ես ու ամեն օր հետ ես մղել: Եթե այս ամենում հակառակորդը ունեցել է դիտավորություն, որ մեր զգոնությունը ընտելացնի իր գործողություններին, ապա այստեղ որեւէ մեկին չես կարող մեղադրել: Սա նման է նրան, որ շախմատիստին, որը պարտիան հաղթել է, մեղադրեք, թե ինչի ժամանակից շուտ կարեւոր քարերը կորցրեցիր: Այսինքն՝ հաղթող բանակին, գլխավոր հարվածը կռահող հետախուզությանն ասում եք՝ ինչու այնպես չարեցիք, որ ընդհանրապես մարդ չմահանար»: