Քվեարկել էր հորեղբոր փոխարեն և ընդունել մեղքը
«Հետք»-ի թղթակից Նարեկ Ալեքսանյանն այսօր դատարանում ընդունեց իր մեղքը եւ խնդրեց արագացված դատաքննություն անցկացնել: Նրա միջնորդությունն այսօր դատարանում ներկայացրեց պաշտպան Գրիշա Բալասանյանը: Հիշեցնենք, որ Նարեկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ գալով Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամաս եւ տեսնելով, որ նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում իր փոխարեն այլ անձ արդեն ստորագրել եւ քվեարկել է, զանգահարել է իր հորեղբորը` Գերասիմ Ալեքսանյանին եւ տեղեկանալով, որ վերջինս քվեարկության չի մասնակցելու, հանձնաժողովի անդամ Լուսինե Ալեքսանյանի օժանդակությամբ, քվեարկությանը մասնակցելու համար նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ստորագրել է այլ անձի` հորեղբոր` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն, վերջինիս անվան դիմաց, ստացել է քվեաթերթիկ եւ կատարել է քվեարկություն: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Նարեկ Ալեքսանյանի հորեղբոր աղջիկը՝ Լուսինե Ալեքսանյանը: Նա էլ մեղադրվում է Նարեկ Ալեքսանյանին քվեարկելու հարցում օժանդակելու մեջ: Բացի այդ, Լուսինե Ալեքսանյանն իմանալով, որ իր հորեղբոր որդի Արեգ Ալեքսանյանը գտնվում է ՌԴ-ում եւ քվեարկությանը չի մասնակցելու, վերջինիս անվան դիմաց լրացրել է պատահական անձնագրային տվյալ եւ ստորագրել, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն: Այսօր նա Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին խնդրեց իրեն տրամադրել հանրային պաշտպան: Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 11-ին: