«Մեզ համար բոլոր առաջարկությունները վերին ատյանի ճշմարտություն չեն» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր լիագումար նիստի ընթացքում սկսվեցին Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերջնական տարբերակի քննարկումները: Այն ԱԺ-ում ներկայացրեց նախագծի հեղինակներից Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա մոտ մեկ ժամ ներկայացրեց նախագիծն ամբողջությամբ, որից հետո նրան հարցեր ուղղելու համար պատգամավորները սկսեցին հերթագրվել: Հանկարծ պարզվեց, որ լուսատախտակին զրո հերթագրում է նշված, մինչդեռ պատգամավորներից շատերը տեղից սկսեցին բողոքել, որ իրենք հերթագրվել էին: ԱԺ քարտուղարությունից տեղեկացրին, որ անսարքություն կա: Մոտ 10 րոպե սպասելուց հետո որոշվեց՝ բոլոր պատգամավորները հարցեր կուղղեն մեկ բարձրախոսից: Առաջինը հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարեց, որ իրենք միացել են բոլոր այն առաջարկներին, որոնք առաջարկել են ընդդիմադիր գործընկերները. «Սակայն չեք կարծում՝ եթե անգամ բոլոր առաջարկներն ընդունվեն՝ ցուցակներն անգամ տասն անգամ հրապարկվեն, ես մի բանում եմ միանշանակ վստահ՝ եթե անգամ ամենաիդեալական նախագիծն էլ ունենանք, ապա միեւնույնն է՝ այն շրջանցելու տարբերակը կգտնվի, եթե իրապես չկա մտադրություն գոնե մեկ անգամ մեր երկրում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Այնպես որ, մեզ համար այդ բոլոր առաջարկությունները վերին ատյանի ճշմարտություն չեն, քանի որ անգամ եթե դրանք ընդունեք, միեւնույնն է՝ եթե չկա քաղաքական կամքը, ոչինչ էլ չի լինի»: Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ ասելով. «Իհարկե, կարելի է փայլուն ընտրություններ անցկացնել, բայց եթե կա կասկածամտություն, շատ կարեւոր է, որպեսզի իմացվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Պատկերացրեք՝ բոլոր փողոցներում, բոլոր բնակարանների վրա լինեին տեսախցիկներ, կաճե՞ր գողությունների թիվը, թե ոչ: Իհարկե չէր աճի»: