«Այսօր պատերազմի և զենքի մասին խոսելու օրը չէ». Տարոն Մարգարյան (տեսանյութ)
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ բոլոր փոխքաղաքապետների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ: «Ա1+»-ի հարցին, թե ինչ պետք է անի մեր երկիրը, որ Թուրքիան և ամբողջ աշխարհը ընդունի Հայոց ցեղասպանությունը, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Մեր առաջին խնդիրն այն է, որ մենք մեր հույսը պետք է միայն մեզ վրա դնենք, տնտեսությունն ուժեղացնենք, բանակն ուժեղացնենք և մեր անկախ Հայաստանը հզորացնենք»: Անու՞մ ենք այսօր մենք այդ քայլերը, ուժեղացնո՞ւմ ենք բանակն ու տնտեսությունը հարցին, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Բնականաբար, քայլ առ քայլ այդ քայլերը տեսանելի են դառնում, բայց ժամանակ է պետք, որ այն, ինչ մենք բոլորս ենք ուզում, տեսանելի լինի» : Ապրիլյան առաջին օրերին պատերազմական իրավիճակն ու զենքերի մասին խոսակցություններն այլ բանի մասին էին վկայում: Այս դիտարկմանն ի պատասխան Տարոն Մարգարյանը նշեց. «Այսօր այդ օրը չէ, այսօրվա խորհուրդն ուրիշ է և մեկ ուրիշ անգամ, անպայման, կպատասխանեմ այդ հարցերին»,-ասաց նա և հեռացավ: