«Ոստիկանությունն անհամատեղելի է այսօրվա օրակարգի, երազանքների հետ». Ա. Բաբաջանյան
Երեկ դեպի նախագահական նստավայր երթի ժամանակ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների, ինչպես նաեւ՝ «Առաջին լրատվականի» օպերատորներ Նարեկ Բարսեղյանին ու Սևակ Սողոմոնյանին: «Ա1+»-ի հետ զրույցում լրատվականի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն ասաց, որ օպերատորներն արդեն ազատ են, աշխատում են. «Բռնի ուժով նստեցրել էին մեքենան, մի քանի րոպե թույլ չեին տվել օպերատորներին դուրս գալ՝ անգամ այն բանից հետո, երբ ոստիկաններին ասվել է, որ նրանք լրատվամիջոցի ներկայացուցիչներն են»,-ասաց նա: Բռնի ուժի կիրառման արդյունքում, Բաբաջանյանի խոսքով, ոստիկանները վնասել են իրենց ուղիղ եթեր հեռարձակող սարքերը, ինչպես նաեւ տեսախցիկը: «Ոչ մի պարզաբանում չկա, թե ինչու են նման կերպ վարվել օպերատորների հետ: Թիրախավորված, հրահանգավորված են գործել, ինչպես հունիսին Էլեկտրիկ Երեւանի ակցիան ցրելիս: Ուրիշ բացատրություն չունեմ, քան քաղաքական հետապնդումը»,-ասաց «Առաջին լրատվականի» գլխավոր խմբագիրը: Նրա խոսքով՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին արդեն ուղարկել են օպերատորների նկատմամբ բռնի ուժն արձանագրած կադրերը եւ սպասելու են, թե գործն ինչ ընթացք կստանա եւ ովքեր կենթարկվեն պատասխանատվության: «Եկել եմ այն մտքին, որ ոստիկանությունը անհամատեղելի է դառնում հայ ժողովրդի այսօրվա օրակարգի, երազանքների եւ նպատակների հետ»,-եզրափակեց նա: