Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց Նորվեգիայում ընթացող շախմատի խոշոր գերմրցաշարում: Այսօր կայացած 4-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով հանդիպեց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: Սպիտակները բավական ակտիվ սկսեցին եւ փորձեցին առավելություն ստանալ, սակայն Լեւոն Արոնյանը բավական վստահ պաշտպանվեց եւ 49-րդ քայլին լիովին հավասարեցրեց խաղային դիրքը: Այդպիսով, հայ շախմատիստը չորրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց պարտիան: Լեւոն Արոնյանն այժմ 2 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն այս տուրում խաղաղ դաշն կնքեց չինացի Չաո Լիի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 3-ի: Հաջորդ, 5-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: