Արծվիկ Մինասյանը տեղյակ չէ գազի գներից (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղյակ չէ, թե գազի գինը սպառողների համար երբ կնվազի: Նա նաեւ տեղյակ չէ, թե ինչ գին է սահմանվելու. «Սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է: Այս պահին ինձ հայտնի չէ նման դիմումի կամ ինքնուրույն վարույթի առկայություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ նաեւ թե սահմանին գազի նվազեցման համաձայնագիրն ուժի մեջ մտել է, թե՝ ոչ: Անցած շաբաթ վարչապետը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը կայուն եկամուտի աղբյուրով ապահովել զոհված զինծառայողների ընտանիքին: Արծվիկ Մինասյանը, այսօր կառավարության նիստից հետո տեղեկացրեց, որ կարգն արդեն մշակվել է. «Հիմա ներքին շրջանառության մեջ է: Նախատեսվում է, որ զոհվածների ընտանիքներին պետք է ներգրավենք եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է, ՓՄՁ ծրագրերի շրջանակներում, նախ բացահայտել կարիքները, կատարել ուսումնասիրություն, թե տվյալ ընտանիքը ինչ բիզնեսում կամ ինչ եկամտաստեղծ գործունեությունում կարող է ներգրավվել։ Դրա համապատասխան էլ աջակցության սխեմա կկազմենք»: Արծվիկ Մինասյանը այս պահին նպատակահարմար չի համարում ԵՏՄ-ից դուրս գալը. «Կարծում եմ նման ուղերձները կարող են շփոթություն առաջացնել տնտեսական գործընթացներում, հետեւաբար շատ կարեւոր է, որ նման քաղաքականությունը նախ մշակվի ներսում, հետո միայն հրապարակվի: Ցանկացած նման գործելակերպ ազդում է տնտեսության վրա»: Ըստ Էկոնոմիկայի նախարարի, մենք դեռ չենք էլ փորձել օգտվել ԵՏՄ-ի հիմնական առավելություններից. «Ավելի լավա մտածենք, թե ինչ մեխանիզմներ կարելի է գործածել, որ այդ հնարավորությունները սպառենք ամբողջությամբ»: Մանրամասները՝ տեսանյութում