Արամ Դանիելյանի մարդիկ հարձակվել են Սասուն Միքայելյանի թիմակիցների վրա
Նիկոլ Փաշինյանն իր ֆբ-ի էջում քիչ առաջ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. Քիչ առաջ, երբ Վանատուրում հավաքույթ էինք կազմակերպել մեր ենթաշտաբների պետերին եւ հրազդանցի կամավորներին շնորհակալություն հայտնելու համար, խնջույքի մեկնարկից տասը րոպե անց անհավանական բան տեղի ունեցավ: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ խաբեությամբ երեկույթից փողոց են հրավիրել մեր թիմի անդամներից մի քանիսին եւ տասը մեքենայից կազմված հրոսակախմբով հարձակվել նրանց վրա: Լուրը, իհարկե, շատ արագ հասավ տեղ եւ խնջույքի մոտ հարյուր մասնակիցները դուրս թափվեցին: Եթե այսպես չլիներ՝ հետեւանքները կլինեին շատ ծանր: Հարձակվողներն, ըստ ամենայնի, տեղյակ չեն եղել, որ տվյալ վայրում հարյուրից ավել մարդ կա: Նրանք եղել են հարբած վիճակում: Հարձակվել են հետեւյալ խոսքերով. «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասու՞մ»: Դեպքի վայրում եղել է նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբոր ավտոմեքենան: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացել են 18:30-ին: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ: «Օպերատիվ իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Հանգամանքները պարզվում են»,- նշեց նա: