«Զգացի՝ ոտքիս կեսը չկա». զինվորը հիշում է (տեսանյութ)
Տասն օրից ավելի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող 26-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Ազատ Ստեփանյանն «Ա1+»-ի հետ զրույցում վերհիշեց ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարվածը. «Շատ գրագետ ձևով պլանավորած, ամբողջ Ղարաբաղի շփման գոտու սահմանով նախահարձակ են եղել։ Բայց չեն սպասել, որ մեր 18, 19, 20 տարեկան երիտասարդը պատասխան կտա իրենց»։ Զինվորը հաստատեց լուրը, որ վերջին օրերին շրջանառվում էր. հակառակորդի շարքերում եղել են վարձկաններ. «Լեզվից էինք հասկացել, որ այլազգի են, բայց թե ինչ ազգ են, չենք կարող ասել։ Բայց որ հաստատ ադրբեջանցի չէին, դա այդպես է»։ Իր հետ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին. ականը պայթել է Ազատի կողքին. «Ընկա, մոտ 10 մետր շպրտեց։ Դե այդ ժամանակ չես զգում՝ ինչ է կատարվում քեզ հետ, ականջներումդ խշշոց է, աչքերիդ դիմաց՝ մշուշ։ Ես չեմ տեսնում՝ ինչ է կատարվում, բայց զգում եմ՝ ոտքիս կեսը չկա»։ Սկզբում նրան տեղափոխել են Մարտակերտի, ապա՝ Ստեփանակերտի հոսպիտալ, որից հետո՝ Երևան։ Երեք վիրահատություն արդեն ետևում է։ Բուժումից Ազատը գոհ է. «Հալալ է մեր բժիշկներին, հրաշքներ են գործում»,-շեշտեց նա։ Նա շեշտում է՝ դիվերսիաներ և անկանոն կրակոցներ պարբերաբար լինում են, սակայն սա այլ էր. «Սա պատերազմ էր, դիվերսիա չէր։ Թե իրեն անհրաժեշտ է եղել՝ 1000 հատ կրակոց արձակի, որ արդյունքի հասնի, մեր 2 դիպուկ կրակոցներն իր 1000 կրակոցին հավասար բան է եղել»։ Հակառակորդն ունի առավելություն՝ զինատեսակների առումով, սակայն զինվորը վստահ է՝ դա ամենևին բավարար չէ՝ հաջողության հասնելու համար։ «Ազերիները հաստատ հարուստ են մեզնից։ Բնականաբար, իրենց տեխնիկան կլինի մերից ուժեղ, բայց կիրառել է պետք, որակ է պետք, դուխ է պետք։ Թե մեր տղերքի դուխն է տեղը, թե հրամանատարական կազմի։ Փառք Աստծո, ամեն ինչ ճիշտ պատրաստվեց և ազերիներին պատասխան տրվեց։ Այն դուխն ու հավատը, որ մենք ունենք, չի կարող ազերին ունենալ»,-հպարտությամբ նշեց Ազատը։ Նա քաջ գիտի, որ որոշ տղաներ խուսափում են բանակից, և այս օրերին էլ զբաղված են իրենց առօրյայով՝ վայելելով կյանքը. «Ինքը կյանքն է վայելում, մենք՝ փառքը։ Մենք պարզ ճակատով ենք ման գալիս, որովհետև ազգանվեր գործ ենք անում»,-շեշտեց զինվորը։