Ուշադրություն՝ ազատամարտիկների անունից գումար են հավաքում (տեսանյութ)
Շուշիի առանձնակի գումարտակի անդամներ Օֆելյա Գրիգորյանը եւ Խաչիկ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին, որ ապրիլի 2-ին, լսելով սահմանային լարվածության մասին, որոշում են կայացրել անմիջապես մեկնել առաջնագիծ. «Ապրիլի 2-ին մենք Պռոշյանի պանթեոնում էինք: Այդ օրը Հրաչ Մուրադյանի սպանության օրն է: Լուրն իմանալուն պես՝ Շուշիի առանձնակի գումարտակի հանձնաժողովը նիստ գումարեց, եւ որոշվեց ջոկատ ուղարկել առաջնագիծ: Մոտ 170 ազատամարտիկ այս պահին այնտեղ է: Մյուսները սպասում են իրենց հերթին»,- ասաց Խաչիկ Զաքարյանը: Օֆելյա Գրիգորյանն էլ նշեց, որ իր ամուսինը նույնպես մեկնել է Արցախ: «Երբ ամուսնուս հետ խոսում եմ՝ կարծես ռոբոտի հետ խոսեմ: Միշտ ասում է՝ մենք շատ լավ ենք, եղանակը լավ է, ամեն ինչ լավ է լինելու: Ձայնի որեւէ փոփոխություն չկա, որից կարող ես ենթադրել, թե տագնապ կա»: Ազատամարտիկները կոչ են անում չթուլացնել այս օրերի համախմբվածությունը. «Մեր ազատամարտիկները, որոնք 40-50 տարեկան տղամարդիկ են, հաշվի չառան իրենց սոցիալական խնդիրները, որոնցից շատերն ունեն, եւ մեկնեցին սահման: Ում հետ որ խոսում եմ՝ բոլորը միահամուռ ասում են, որ մեր 18-20 տարեկան տղաները գերազանցել են իրենց»,-ասաց տիկին Գրիգորյանը: Ի դեպ, ազատամարտիկները նշեցին, թե սոցիալական ցանցերով «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով ոմն Գարիկ Խաչատրյան հայտարարություն է տարածել, թե ինքը Շուշիի գումարտակից է եւ օգնություն է հավաքում սահման ուղարկելու համար: Ազատամարտիկները հորդորում են չհավատալ նրան: