Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ բռնցքամարտիկները պայքարում են Ռիո-2016-ի համար

Սպորտ
a1boks

Հայաստանի բռնցքամարտիկները ներկայումս Թուրքիայի Սամսուն քաղաքում մասնակցում են օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարին: Այս մրցումները սկզբունքային նշանակություն ունեն կաշվե ձեռնոցի մեր վարպետների համար, քանի որ սա Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելու նրանց վերջին հնարավորությունն է: Հաջորդ մրցաշարը նախատեսված է Բաքվում, որին մեր բռնցքամարտիկները չեն կարող մասնակցել հասկանալի պատճառներով: Մրցաշարի առաջին երկու օրերին Հայաստանի բռնցքամարտիկներից ռինգ են մտել հինգը: Նրանցից երեքը հաղթանակ են տարել եւ մտել են հաջորդ փուլ: Նրանք են Անուշ Գրիգորյանը, Հովհաննես Բաչկովը եւ Արման Հովիկյանը: Իսկ ահա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը տանուլ տվեցին իրենց մարտերը եւ դուրս մնացին պայքարից: Այսօր առաջինը պայքարի կբռնվի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը կհանդիպի բուլղարացի Տինկո Բանաբակովի հետ: Անուշ Գրիգորյանը երկրորդ փուլում կմենամարտի ռումինուհի Լակրամիորա Պերիյոկի հետ: Մեր 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կփորձի հաղթահարել իտալացի Վինչենցո Արեչիայի արգելքը: Երեկոյան հերթափոխին 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ուժերը կչափի լեհացի Մացեյ Յոժվիկի հետ: