ՀՀ ֆուտբոլի առաջնության խաղերն ավարտվեցին ոչ-ոքիներով
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձագույն խմբում այսօր կայացան 21-րդ տուրի մնացած երկու խաղերը: Կապանում տեղի «Գանձասար-Կապանը» ընդունեց «Արարատին», իսկ Երեւանում «Միկան» հյուրընկալեց երկրի չեմպիոն «Փյունիկին»: Ուշագրավն այն է, որ երկու հանդիպումներում էլ թիմերը 90 րոպեների ընթացքում չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այն 42 միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտը»: Ապա հաջորդում են «Փյունիկը»՝ 38 միավոր, «Շիրակը»՝ 35, «Գանձասար-Կապանը»՝ 32, «Արարատը»՝ 30, «Միկան»՝ 25, «Բանանցը»՝ 24: Առաջնության վերջին՝ չորրորդ խաղաշրջանը, կմեկնարկի ապրիլի 16-ին: Այդ օրը կկայանան «Ալաշկերտ» - «Փյունիկ» եւ «Գանձասար-Կապան» - «Շիրակ» սկզբունքային հանդիպումները: Ապրիլի 17-ին կհանդիպեն ետնապահները. «Միկան» կընդունի «Բանանցին»: