«Եթե հնարավոր լիներ 2 անվադողով վարել, մյուս 2-ը կտային բանակին» (տեսանյութ)
Արդեն մի քանի օր է՝ «Գլոբինգ» ընկերության եւ «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախաձեռնությամբ Հայաստանի տարբեր քաղաքներում անվադողների հավաք է սկսվել, որը ծառայելու է խրամատների պաշտպանությանը: Այսօր առավոտից ակցիան շարունակվում է Երեւանում՝ «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ:
«Ա1+»-ի հետ զրույցում «Գլոբինգ» ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Բակունցը նշեց, որ իրենց թիմին են միացել ոչ միայն անհատներ, այլեւ տարբեր կազմակերպություններ.
«Երեկ եղել ենք Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, եւ մեկ օրվա ընթացքում կարողացել ենք հավաքել ավելի քան 10 հազար անվադող: Հուսով ենք, որ դրանք կպաշտպանեն մեր զինվորներին, քանի որ բառերով չես կարող արտահայտել այ ամենն, ինչ մեր զինվորները մեզ համար արեցին այս օրերի ընթացքում: Չկան այնպիսի բառեր, որով կկարողանանք հայտնել, թե հայ ազգը որքան հպարտ է նման զինվորներ ունենալու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն երեկ անվադողերի առաջին խմբաքանակն ուղեւորվել է սահման:
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանի խոսքով էլ՝ անվադողներն ավելի արդյունավետ են, քան բետոնից պատնեշները.
«Անվադողերը նպաստում են, որ փափուշտները կամ ականի բեկորները մտնեն իրենց մեջ եւ մնան՝ փրկելով մեր տղաներին վնասվածքներից, իսկ բետոնե պատնեշներից դրանք կարող են անդրադարձվել եւ վնաս հասցնել»,-նշեց նա: Արման Հայրապետյանն այս ակցիային մեր քաղաքացիների մասնակցությունը 1000 բալով է գնահատում.
«Մարդիկ իրենց պահեստային ավանդողերը անգամ տալիս են, որովհետեւ հասկանում են, որ բանակի համար է: Եթե հնարավոր լիներ երկու անվադողով երթեւեկել, երկուսը կհանեին կտան, մյուս երկուսով կերթեւեկեին»:
Ակցիան այսօր կշարունակվի մինչեւ 20:00-ն: