Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օֆշորի գործով Աշոտ Սուքիասյանն այսօր էլ ցուցմունք չտվեց (տեսանյութ)

Հասարակություն
ashot-suqiasyan

Օֆշորի հայտնի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանն  այսօր էլ ցուցմունք չտվեց: Գործով մեղադրողն, ինչպես նաեւ տուժող Փայլակ Հայրապետյանն ու նրա ներկայացուցիչներն այսօր չէին ներկայացել դատարան: Դատավորն էլ ստիպված հետաձգեց դատական նիստը մինչեւ հաջորդ հինգշաբթի: Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանն այսօր մեկ անգամ եւս նշեց, որ  սա  քաղաքացիաիրավական գործարք է եղել, որը պարզապես ձախողվել է եւ քրեական տարրեր չի պարունակում իր մեջ:  Հիշեցնենք, որ Հայաստանում ադամանդագործության բիզնեսով զբաղվելու համար Աշոտ Սուքիասյանը եւ Փայլակ Հայրապետյանը բիզնես գործունեություն էին ցանկացել ծավալել: Սակայն  չէր ստացվել, Փայլակ Հայրապետյանը մեղադրում է Աշոտ Սուքիասյանին: «Տուժողը  վրդովված է այն հանգամանքից, որ իր ձեռնարկած գործը չի ստացվել:   Դա բնական է, բայց այդ ամենը պետք է փնտրի ամեն անձ իր մեջ»,- ասում է փաստաբանը: Ըստ Աշոտ Սուքիասյանի պաշտպանի՝ բիզնեսից ստացված եկամուտի 30 տոկոսը պետք է հասներ Փայլակ Հայրապետյանին, 70 տոկոսը՝ Աշոտ Սուքիասյանին: Փայլակ Հայրապետյանը խուսափել է պայմանագիր կնքելուց, սակայն ինչպես բացատրության մեջ է նշել, սա եղել է համատեղ բիզնես, գործարք: Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալում շրջանառվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները: Աշոտ Սուքիասյանը, սակայն,  նշել է, որ ինքն է կեղծել նրանց ստորագրությունները եւ  նրանք գործի հետ  կապ չունեն: Պաշտպանական կողմը հույս ունի, որ օբյեկտիվ օբյեկտիվ քննությամբ կպարզի իրականությունը: «Բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այստեղ ոչ թե կրիմինալ կա, ոչ էլ  Աշոտ Սուքիասյանը ի սկզբանե խաբեության է գնացել: Նա կայացած բիզնեսմեն էր եւ խաբեության հիմք չի ունեցել»,- նշեց պաշտպանը հավելելով, որ գործարքը պարզապես ձախողել է: