Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցակների հրապարակումն ամենակոնսենսուսայինն է. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
yntrutyun

4+4+4 ֆորմատով բանակցություններում ընդդիմության 5 առաջարկներից Հայ Ազգային կոնգրեսը պնդելու է հատկապես քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակման վրա։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով, եթե դա լուծվի, 60-70 տոկոսը ընտրակեղծարարության միանգամից փակվում է. «Ուստի ես հիմա որեւէ պատրաստակամություն չունեմ զիջել էդ հարցում»: Պարոն Զուրաբյանը չի մոռանում, որ նույնիսկ Հանրապետականի հետ կոալիցիայի մեջ գտնվող Դաշնակցությունն էլ է պնդում քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը. «Ցուցակների հրապարակումը ամենակոնսենսուսայինն է»: Չնայած դրան՝ ՀԱԿ-ը չի զիջի նաեւ մնացած 4 կետերի դեպքում, որոնցից են վրացական օրինակով ցուցակների մաքրումը, մատների թանաքոտումը կամ տեսանկարահանումը. «Դրանք մինիմալ պահանջներ են, չեմ ուզում որեւէ բան զիջել, ինչու՞ պիտի զիջենք»: 5 պահանջներից ցուցակների հրապարակումը պնդում է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանը. «Ցանկացած մարդ պետք է իմանա, պետք է հնարավորություն ունենա իմանալու, թե իր հանրապետությունում չգտնվող բարեկամը, հարեւանը, քվեարկե՞լ է, թե ոչ»: Ընտրակեղծարարներն, ըստ երիտասարդ քաղակտիվիստի, պետք է հասկանա, որ բացակա քաղաքացու փոխարեն արված քվեարկությունն անհետեւանք չի անցնելու իր համար. «Պետք է իմանա, որ վաղը, վաղը չէ մյուս օրը, մի շաբաթից դա կարող է ջրի երես դուրս գալ»: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հ/կ նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ իշխանությունները կարող են կեղծել նաեւ կատարյալ Ընտրական օրենսգրքի պայմաններում. «Ի վերջո մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ կարեւոր դերակատարություն են ունենում այն երիտասարդները, ովքեր որ հենց ընտրատարածքներում որեւէ դերակատարություն են ունենում, կաշառքների բաժանումից սկսած, լրագրողներին ահաբեկելուց վերջացրած»: Պարոն Մելիքյանն, ի դեպ, իր հերթին պնդում է, որ ընդդիմության 5 առաջարկներից ամենակարեւորը ցուցակների մաքրումն ու հրապարակումն է: