Դատավորը պաշտպաններին հեռացրել էր, բայց կարծես թե մոռացել էր (տեսանյութ)
Թեեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը պաշտպաններին հեռացրել էր գործի վարույթից եւ գործում ներգրավվել հանրային պաշտպան, սակայն այսօր այդ մասին նույնիսկ չհիշատակեց: Գասպարիի երեք պաշտպանների միջնորդությամբ նա հետաձգեց դատական նիստը՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: «Պահի ազդեցությունը մտահոգությունների թվում պետք է լինի, ինչպես նաեւ այդ կապակցությամբ որոշ այլ հարցեր, որոնք մենք ինքնաբացարկի միջնորդության մեջ ներառել ենք: Դրանք պրոֆեսիոնալիզմի, ձեռնահասության եւ նաեւ այլ հարցեր են»,- ասաց պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատական նախորդ նիստում դատավորը առանց Գասպարիի եւ նրա պաշտպանների հետազոտել էր գործում առկա ապացույցները եւ մեղադրողը հանդես էր եկել ճառով՝ միջորդելով Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչել եւ նշանակել տուգանք՝ 400 հազար դրամի չափով: « Առանց ամբաստանյալի չեն կարող հետազոտվել ապացույցներ, այդ հարցին Եվրոպական դատարանն էլ տարբեր գործերով անդրադարձներ ունի: Սա այն բազմաթիվ խախտումներից միայն մեկն է եւ բազմաթիվ ոչ պակաս խախտումներից, որոնք դատավորը թույլ է տալիս»,- նշեց փաստաբանը: Վարդգես Գասպարիի պաշտպանները դիմելու են Արդարադատության խորհուրդ՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. «Դա պետք է լինի այս դատավորին դատական համակարգից այնպես աղմուկով դուրս հանելու միջոցով, որը համադրելի կլինի անորակ կադրերից դատական համակարգը մաքրել հասկացության հետ: Ուղղակի դուրս վռնդել դատական համակարգից» Ոստիկանության ներկայացուցիչների եւ դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի համար դատավարությունը երկրորդական նշանակություն է ստանում: «Անօրինական գործողությանը հաջորդում է ավելի կոպիտ եւ ավելի անօրինական գործողություններ»: Պաշտպանական կողմը վաղը դատավորին կներկայացնի ինքնաբացարկի միջնորդությունը: