Հայաստանի շախմատիստների գործակիցները ցածր դուրս եկան
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականի երեք անդամները: Այսօր կայացած վերջին, 10-րդ տուրում, մեր երեք գրոսմայստերներն էլ՝ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տարան: Առաջին երկուսը վաստակեցին 7,5-ական միավոր եւ եւս 7 շախմատիստների հետ բաժանեցին 3-10-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Սերգեյ Մովսեսյանը գրավեց 6-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 9-րդ տեղը՝ պարգեւատրվելով համապատասխանաբար 450 եւ 350 եվրոյով: Գաբրիել Սարգսյանը 7 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ Աբհիջեթ Գուպկան՝ 8,5 միավոր: Նրան հաջորդեցին ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը եւ բուլղարացի Իվան Չեպարինովը: Մրցաշարին մասնակցեցին նաեւ մեր հայրենակիցներ Սերգեյ Գրիգորյանցը, Աննա Մայա Ղազարյանը եւ Տաթեւիկ Աբրահամյանը: Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստերը վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Հոլանդիան եւ ԱՄՆ-ն ներկայացնող հայուհիները 6,5-ական միավորով մրցաշարն ավարտեցին համապատասխանաբար 38-րդ եւ 42-րդ հորիզոնականներում: