Լեւոն Արոնյանը պահպանում է 2-րդ տեղը (տեսանյութ)
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց ՖԻԴԵ-ի վարկանիշով 2-րդ համար Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ընթացավ բավական հետաքրքիր պայքարում, առավելությունը մեկ անցնում էր սպիտակների, մեկ՝ սեւերի կողմը: Սակայն արդեն 30-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին՝ չցանկանալով ավելորդ ռիսկի դիմել: Արդյունքում, Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ պահպանեց 2-րդ տեղը: Նա դեռեւս կես բալով ետ է մնում մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Կարյակինից, ինչպես նաեւ նույնքան միավորով առաջ է իրեն հետապնդողներից՝ Վիշի Անանդից, Անիշ Գիրիից, Պյոտր Սվիդլերից եւ նույն Ֆաբիանո Կարուանայից: Վաղը կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը 2 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Սերգեյ Կարյակինը սեւերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: