Մարիա Շարապովան ակամա գովազդեց մի դեղամիջոց (տեսանյութ)
Թենիսիստուհի Մարիա Շարապովան ակամա գովազդեց մի դեղամիջոց, որը ստեղծվել էր դեռ 1970-ականներին։ Թենիսի Ավստրալիայի 2016 թվականի բաց առաջնությունից առաջ դոփինգ թեստի արդյունքում նրա օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում, որը «Միլդրոնատ» առևտրային անունով հայտնի դեղամիջոցի ակտիվ նյութն է։ «Այն իր կառուցվածքով մոտ է բնական, ընդերածին նյութերին, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, մակրոէրգ միացությունների սինթեզը, որոնք անհրաժեշտ են մետաբոլիզմի ժամանակ և կարգավորում է մետաբոլիզմը»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի դեղերի ռացիոնալ կիրառման և ինֆորմացիայի բաժնի վարիչ Անահիտ Այվազյանը: «Միլդրանատ»-ը Հայաստանում գրանցվել է 2011թ-ից: Մեկ հաբը վաճառվում է 90-ից 140 դրամով: Սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ տարբեր խանգարումներ, ստենոկարդիա և սիրտ-անոթային այլ հիվանդություններով տառապող մարդիկ են օգտագործում այս դեղամիջոցը։ «Այս հիվանդությունների ժամանակ դա առաջին ընտրության դեղը չի, սուր պահերին սա չեն կիրառում, հետագայում այլ հիմնական դեղերի հետ միասին տալիս են այս մետաբոլիկ բնույթի դեղը»,-նշում է տիկին Այվազյանը: Վերջինս ներկայացնում է նաև տվյալ նյութի դեղաբանական ազդեցությունը: «Այն թեթևացնում է տանելիությունը այդ ֆիզիկական լարվածության, հոգնածությունը հանում է, վերականգնում է ուժերը: Դա օգնում է սպորտսմեններին այդ ֆիզիկական լարվածությունից հետո հնարավորինս շուտ վերակագնվել»: Մինչև 18 տարեկաններին այն չի կարելի օգտագործել, քանի որ դրա անվտանգությունը հստակ հետազոտված չէ, իսկ մնացյալ դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել բժշկի նշանակումով: Այս համատեքստում Անահիտ Այվազյանը նկատում է. «Օրինակ էլի նման մետաբոլիկ դեղ է «Պռեդուկտալը», որը նույնպես նշանակում են սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ, էլի կոմպլեքս բուժման մեջ՝ թերսնուցվող սրտամկանին դրական արդյունք է տալիս, բայց դասել են դոպինգի շարքում, չգիտես թե ինչու»: Մանրամասները՝ տեսանյութում