Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբեմն առանց քաղաքապետարանի թույլտվության են հատում ծառերը»

Կարևոր լուրեր Հասարակություն
դիանա

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանն ավելի խիստ միջոցառումներ չի ձեռնարկում, որպեսզի ծառահատումների հարցն ավելի կտրուկ դրված լինի, քանի որ երբեմն   ծառահատումը կատարվում է, հետո միայն քաղաքապետարանից արձագանք է  լինում։ Այս առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Ծառահատման հետ կապված քաղաքապետարանի դիրքորոշումը շատ խիստ է։ Հանրությանը պարբերաբար ներկայացվում են բոլոր իրավական ակտերով նախատեսված տույժերը։ Սակայն կուզեի, որ քաղաքացին, մասնավոր կառույցների սեփականատերերը, որոնք գնում են այդ քայլին, տեղյակ լինեն՝ ինչ պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ ավելի հոգատար վերաբերվեն սեփական քաղաքին, ոչ թե առաջնային համարեն իրենց գերակա շահը»։ Այսինքն, որոշ դեպքերում առանց քաղաքապետարանի թույլտվությա՞ն են հատում ծառերը. «Երբեմն այո, առանց քաղաքապետարանի թույլտվության...Իհարկե, հետագայում, հատկապես վերջին իրադարձություններից և քաղաքապետի կոշտ հայտարարությունից հետո, հուսով եմ՝ արդեն կհասկանան, որ ոչ մի քաղաքացի չի կարողանա առանց պատասխանատվության ենթարկվելու մնալ տվյալ հարցում»,-շեշտեց Դիանա Գրիգորյանը։ Նա վստահեցրեց, որ Բնապահպանության վարչությունը՝ քաղաքապետարանի գլխավորությամբ, հետևողական է լինելու այս հարցում։ Ի դեպ՝ շրջակա միջավայրին հասցված վնասի համար մինչև 200.000 դրամ տուգանք է սահմանված։ Իսկ եթե վնասն ավելի է գնահատվում, գործը գնում է դատարան։