Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քառակուսին տարեք, կլորը բերեք». ոստիկանները՝ նստացույցի մասնակիցներին (տեսանյութ)

Քաղաքականություն
diana-1

«Մենք երեկ ոստիկաններին զգուշացրել էինք, որ մեր  հովանոցը քամու,անձրևի պատճառով պատռվել է, մենք պետք է այն փոխենք: Ոստիկանները մեզ ասացին, որ եթե նույն չափսի է լինելու, ապա խնդիր չկա: Մենք էլ գնացել ենք նույն չափի քառակուսի մեկ այլ հովանոց ենք առել: Բերեցինք այդ հովանոցը, որ դնենք հնի փոխարեն, այդ պահին չորս կողմից մեզ վրա թափվեցին ոստիկանները, թե սա  համապատասխան չի, ավելի մեծ է , այդպիսի համաձայնություն չի եղել և այլն և այլն: Ոստիկանության կենտրոնի բաժնի պետի տեղակալը մոտեցավ և ականջիս ասեց, որ կամ դուք հանեք, տարեք սա կամ մենք ենք հանելու: Հիմա ես չգիտեմ, թե ի՞նչ ենք անելու»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում  է  Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույցի մասնակից, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանը: Վերջինս շեշտում է, որ իրենք պայմանավորվածությունը չեն խախտել: Մեր այն հարցին, թե ի՞նչպես է պատճառաբանում ոստիկանությունն այդ քայլը, Վիգեն Նազարյանը պատասխանեց. «Որևէ կերպ չեն պատճառաբանում: Սրանից առաջ մենք ունեինք ավելի մեծ և կլոր հովանոց, բայց ոստիկանությունը գիշերվա կեսին հավաքել տարել էր այն, իսկ երբ իրենց ասեցինք, որ մեզ վերադարձնեն մեր հովանոցը, իրենք պատասխանեցին, թե   ի՞նչ հովանոց: Այսինքն չեն էլ ընդունում, որ հովանոցը հավաքել տարել են: Չենք հասկանում՝ սրանք ոստիկան են քաղաքացու համար, թե քաղաքացու դեմ»: Այդուհանդերձ , հովանոցը նստացույցի մասնակիցներին ի վերջո  հաջողվել էր տեղադրել: «Այդ պետի տեղակալը տեսավ, որ չափսերը նույնն է, թողեց, որ տեղադրենք , մենք էլ տեղադրեցինք, բայց հետո հետ է դարձել իր խոսքից՝  ասում է չէ , սա քառակուսի է,  քառակուսին տարեք կլորը բերեք : Չի ասում  մեծ է, փոքր է կամ նման բան, այլ ասում է, որ քառակուսի է , սա տարեք , կլորը բերեք: Ախր հովանոցը հովանոց է ՝ քառակուսի, թե կլոր, ի՞նչ տարբերություն»,- ասաց Վիգեն Նազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: