Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կէժանանա՞ (տեսանյութ)

Տնտեսություն
hckh

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի 1,5 միլիարդ դրամ ծավալով ներդրումային ծրագրին, որով պատրաստվում են բարձրացնել ատոմակայանի անվտանգությունը և իրականացնել այլ աշխատանքներ: ՀԾԿՀ-ի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե վարկային ի՞նչ միջոցներով է իրականացվելու ծրագիրը և որն է լինելու ֆինանսավորող կազմակերպությունը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանը նշեց, որ չի կարող ասել, թե որ կազմակերպությունից են ֆինանսական միջոցներ տրամադրվելու: ՀԾԿՀ նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանն էլ «Ա1+»-ի հարցին ի պատասխան չբացառեց, որ 1,5 միլիարդ դրամի ատոմակայանի այս պարտքը կարող է հետագայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմք հանդիսանալ: Սույն թվականի հուլիսի 31-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով Հայաստանի բնակչությունն ամբողջապես կփակի ՀԷՑ-ի կուտակած 24 միլիարդ դրամ պարտքը: Իսկ ինչ է սպասվում դրանից հետո, արդյոք դա հիմք չէ՞, որ էլեկտրաէներգիայի սակագինը կրկին նվազի: Պարոն Կիրակոսյանը նշեց, որ սակագնի ձևավորումը պայմանավորված չէ միայն այդ հանգամանքով , սակայն նման զարգացումը չբացառեց՝ խոստանալով, որ այդ մասին կխոսեն ապրիլին: