Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ս.Սարգսյանը ոչ թե չկարողացավ մեզ լսել, այլ չուզեց» (թարմացված) (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-1

20.00 Բաղրամյան 26-ում թեպետ ակտիվիստները հորդորում էին, որ իրենց նկատմամբ եւս խափանման միջոց կիրառվի, սակայն ձայնն այդպես էլ լսելի չդարձավ. «Այսօրվա ակցիան մեզ իրավունք տվեց կիրառել ավելի սուր միջոցներ, որոնք մոտ օրերս կիրականացնենք, ավելի մեծ բազմությամբ կգանք եւ կասենք, որ ոչ թե մեզ լսեն, այլ մեր խոսքը լսելի դարձնենք։ Ոստիկանությունն իրավունք չունի խաղաղ հավաքի մասնակիցների երթուղին փոխելու առաջարկություն անել»,-ասաց ակտիվիստ Միքայել Ղազարյանը։ Խոսելով Սերժ Սարգսյանի աշխատանքային ժամի ավարտվելու մասին՝ասաց. «Սերժ Սարգսյանի աշխատանքային ժամը երբեք չի ավարտվում։ Միջազգային պրակտիկան է թելադրում, որ նախագահի աշխատանքային ժամը չի ավարտվում։ Նա ոչ թե չկարողացավ մեզ լսել, այլ չուզեց։  Մի բան պիտի ասեին, որ գնայինք»։ akcia1 19.10 Վալերի Օսիպյանը գնաց, ապա վերադարձավ ակտիվիստների մոտ՝ ասելով, որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել է, ուստի նախագահականից որեւէ մեկը չի մոտենա նրանց։ Ակտիվիստներից մեկն էլ Օսիպյանին ասաց, որ քանի որ քաղբանտարկյալները ճաղերի հետեւում են իրենց քաղաքական հայացքների համար, իսկ այս ակցիայի մասնակցիներն էլ կիսում են այդ քաղաքական հայացքները, հետեւաբար պահանջում են, որ նույն սկզբունքով ոստիկանությունը իրենց էլ ձերբակալի։ Ի դեպ, ակցիայի մասնակիցները նշեցին, որ չեն սահամափակվելու մեկ օրով, եւ ակցիան շարունակելու են, բայց այս անգամ գուցե ոչ այսքան խաղաղ։ Սրան ի պատասխան՝ Երեւանի փոխոստիկանապետը նախ նշեց, թե սպառնալիք է տեսնում այս խոսքերում, ապա ասաց, որ ոստիկանությունը կաշկանդված չէ ակցիայի մասնակիցների թվից։ «Ուզում եք՝ բազմահազարանոց ակցիա արեք, մեր մոտեցումները նույնն են լինելու»։ 19.00 Ոստիկանությունը մի խումբ քաղաքացիների չի թույլատրում բողոքի ակցիա իրականացնել նախագահական նստավայրի առջեւ։ Բաղրամյան պողոտայում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց ոստիկանները կանգնեցրել են քաղաքացիներին եւ թույլ չեն տալիս շարժվել դեպի Բաղրամյան 26։ Քիչ առաջ նրանց հետ բանակցում էր  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, ով հորդորում էր ակտիվիստներին անցնել դիմացի մայթ։ Օսիպյանը առաջարկեց նրանց նաեւ գրավոր ներկայացնել իրենց պահանջը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնեց քաղաքացիներից մեկին ուղեկցել նախագահական՝ միայն թե վերջիններս ազատեն մայթը՝ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար։  «Ողջամիտ հեռավորության վրա իրականացրեք ձեր ինքնաբուխ ակցիան»,-հորդորեց Օսիպյանը։ Սրան ի պատասխան՝ ակտիվիստներից մեկը նշեց. «Գուցե նախագա՞հը ճիշտ վայրում չէ, որ խոչընդոտում է  մարդկանց անցուդարձը»։ Հիշեցնենք, որ քաղաքացիները Բաղրամյան 26 են բարձրանում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ որպեսզի ցույց տան, որ «ոչնչից չեն վախենում»։