Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից. փորձագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
halep

Սիրիայում իրավիճակն օրեցօր ավելի լարված է դառնում: Նախորդ օրերին Դամասկոսում ու Հոմսում պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 140 մարդ։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը նաեւ վերահսկողություն է հաստատել այն մայրուղու նկատմամբ, որով իրականացվում են Հալեպի նահանգում Սիրիայի կառավարական զորքերի մատակարարումները: Հանգիստ չէ նաեւ Հալեպ քաղաքում: Այստեղ բնակվող հայերը պատմում են, որ վերջին 10 օրում պայթյուններն անդադար են, նյութական վնասը՝ ահռելի: Հալեպում ապրելն ավելի ու ավելի անհնար է դառնում: Արդեն մի քանի ամիս է՝ էլեկտրականություն չկա, վերջին օրերին հալեպցիները զրկվել են նաեւ ջրից: Մի քանի օր առաջ պայթյուն է որոտացել նաեւ սիրիական Իդլիբ քաղաքում, ինչի հետեւանքով ոչնչացվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը: Զոհվել է առնվազն 7 մարդ։ Հիվանդանոցի ռմբակոծման արդյունքում առանց բժշկական օգնության է մնացել շրջակայքում բնակվող ավելի քան 40,000 մարդ: Միջազգային փորձագետների համոզմամբ՝ Սիրիայում իրավիճակը կարող է էլ ավելի սրվել ու անգամ դուրս գալ վերահսկողությունից: Չնայած, որ փետրվարի 12-ի Մյունխենում տեղի է ունեցել Սիրիայի աջակցման միջազգային խմբի ժողովը, որտեղ առաջարկվել է որոշել երկրում զինված գործողությունների դադարեցման ձևը, բայց իրադրությունը դրանից չի փոխվել: Մյունխենյան հանդիպումից մի քանի օր հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ թուրքական զորքերը կշարունակեն Սիրիայում քրդերի դիրքերի հրետակոծությունը: Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսի հրետակոծումը սրել է առանց այդ էլ չափազանց բարդ իրավիճակը Հալեպում, որտեղ սիրիական բանակը զգալի առաջընթաց է գրանցել ՌԴ օդուժի աջակցության շնորհիվ: Այս ամբողջ գործընթացում հակամարտող կողմերը շարունակում են մեղադրել միմյանց՝ իրավիճակն ավելի սրելու համար: Իսկ փորձագետներն արդեն կասկածներ են հնչեցնում, որ քաղաքացիական պատերազմը կարող է վերաճել մեծամասշտաբ պատերազմի, որում իրար դեմ կպայքարեն գերտերություններ: