Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն անցյալում է, և նոր սահմանադրությունն արդեն ընդունված։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ներկայացրել է վիճակագրական վերլուծություն:
Ազգային Ժողովն իր գարնանային նստաշրջանում քննարկելու և ընդունելու է նոր Ընտրական Օրենսգիրքը, որով քննարկման առարկա է լինելու նաև դիտորդների լիցենզավորման կարգը:
Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում ներկայացնել հակիրճ վիճակագրական թվեր, որոնք պարզ ցույց կտան ընտրական տեղամասերում դիտորդների ներկայության կարևորությունը:
Այսպիսով, ունենալով բոլոր ընտրական տեղամասերի արդյունքները և համադրելով «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության կողմից դիտարկված տեղամասերի ցանկը՝ մենք կատարել ենք ներքոհիշյալ հետազոտությունը: 1998 տեղամասերից «Քաղաքացի Դիտորդը» ներկայացուցիչներ է ունեցել 526-ում, որոնք բաշխված են եղել ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներում: Այն տեղամասերում, որտեղ եղել են դիտորդներ և որտեղ չեն եղել դիտորդներ, քվեարկության պատկերը եղել է հետևյալը:
| Դիտորդ կա | Դիտորդ չկա | |
| Այո % | 58,5 | 65,5 |
| Ոչ % | 36,7 | 30,3 |
| Անվավեր % | 4,5 | 3,9 |
| Մասնակցություն % | 47,6 | 52,3 |
Այն տեղամասերում որտեղ եղել են դիտորդներ ամենահավանական արդյունքը «այո»-ի քվեների եղել է 30%-ի մոտ է, իսկ այն տեղամասերում որտեղ չեն եղել դիտորդներ՝ 80%-ի մոտ:
Ընդ որում, եթե դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում «այո»-ի քվեների բաշխվածությունը երկսապատ է, ինչը նշանակում է, որ դիտորդները միշտ չէ, որ կարողանում են կանխել խախտումները: Սակայն փոխարենը բավականին միասապատ բաշխում ունեն «այո»-ի քվեները այն տեղամասերում, որ «Քաղաքացի-դիտորդներ» չկային, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ տեղամասերում ընտրակեղծիքները եղել են համատարած ու չի եղել որոշ էական քանակով տեղամասերում դրանց կանխման ինստիտուտ:
Հետևապես, կարելի է միարժեք պնդել, որ քաղաքացիական հասարակության կողմից ընտրական տեղամասում վերահսկողությունը, թեև միարժեք չի կանխում բոլոր կեղծիքները, սակայն էականորեն նվազեցնում է դրանց տեսակարար կշիռը:
Հովսեփ Ղազարյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»