Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցից հեռացված ուսուցիչը նոր աշխատանք ունի

Հասարակություն
karpis1

Դեկտեմբեր ամսին աշխատանքից հեռացված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանն այսօրվանից նոր աշխատանք ունի: Հիշեցնենք, որ Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցից Կարպիսին ազատել էին՝ պատճառաբանելով նրա պարբերական բնույթ կրող ուշացումները, մինչդեռ ուսուցիչը պնդում էր, որ դա արվել է՝ իր քաղաքացիական ակտիվության, սահմանադրության հանրաքվեի ընթացքում վերահսկողություն իրականացնելու և կեղծիքների դեմ պայքարելու համար: «Աշխատանքից հեռացվելուց հետո նախատեսել էի աշխատանքի անցնել մեկ այլ հանրակրթական դպրոցում, բայց երկար որոնումներից հետո այդպես էլ պատմության ուսուցչի թափուր տեղ չգտնվեց: Բավականին պատահական կերպով՝ ընկերներիս միջոցով տեղեկացա, որ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Դիզայնի ֆակուլտետում վարչական աշխատանքի թափուր հաստիք կա և անմիջապես դիմեցի: Հարցազրույցից հետո համալսարանի և ֆակուլտետի ղեկավարները որոշեցին, որ ես համապատասխանում եմ իրենց պահանջներին և ինձ վերցրին աշխատանքի»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Կարպիսը: Ներկայումս Դիզայնի ամբիոնում նրա հիմնական խնդիրը լաբորատորիայի աշխատանքների համակարգումն է: «Բայց մեծագույն ակնկալիք կա, որ արդեն մյուս կիսամյակում նաև 1-ին կուրսի Հայոց պատմության դասընթացի ժամեր կտրամադրվեն»,-շեշտեց Կարպիսը: Հարցին, թե արդյո՞ք քաղաքացիական ակտիվությունը շարունակվելու է, Կարպիսն ասաց. «Բնականաբար, շարունակվելու է: Ինչպես նախկինում, ներկայումս նույնպես մասնակցելու եմ քաղաքացիական ակցիաների: Բացի այդ, անդամակցում եմ նոր ձևավորված «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ» հասարակական կազմակերպությանը և պատրաստվում եմ ակտիվորեն մասնակցել գալիք ընտրությունների վերահսկման աշխատանքներին»: Իսկ այդ ակտիվությունն արդյո՞ք կրկին խոչընդոտ չի ստեղծի նաև նոր աշխատավայրում, երիտասարդը շեշտեց. «Անկեղծ ասած, չեմ մտածել՝ քաղաքացիական հայացքները նոր աշխատավայրում խնդիրներ կստեղծե՞ն, թե՞ ոչ: Ամեն դեպքում, եթե խնդիրներ լինեն, ապա կլինի համապատասխան պատասխան, ինչպես եղավ նախորդ դեպքում: Այսպիսով անկախ նրանից, թե ես որտեղ կաշխատեմ, ինչպես «Ֆեյսբուք»-ում, այնպես էլ փողոցում քաղաքացիական դիրքորոշումս վճռականորեն մնալու է անփոփոխ»: