Հանրագիտարանի ռեկորդային վաճառք՝ Հայաստանում (տեսանյութ)
Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Գիտելիքների հանրագիտարան» գրքի շնորհանդեսը: Թեեւ այն արդեն մի քանի ամիս է, ինչ վաճառվում է, սակայն միայն այսօր կայացավ պաշտոնական շնորհանդեսը: Ընդ որում, չնայած որ արժե մոտ 16 հազար դրամ, գիրքը ռեկորդային վաճառք է գրանցել Հայաստանում՝ մեկ ամսում սպառելով 650-ից ավելի օրինակ: Աշխարհահռչակ Dorling Kindersley հրատարակչության այս հանրագիտարանում առաջին անգամ ավելացված է առանձին՝ «Հայաստան» բաժինը: Գիրքը հրատարակող «Բուկինիստ ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Միացել են լավ գիտնականը, եւ լավ լրագրողը ստեղծել մի նյութ, որը խիստ գիտնականությունը կարողանում է մատչելի լեզվով մատուցել հասարակ մահկանացուին: Գիրքը մանկական հանրագիտարան է, բայց ես ինքս բազմաթիվ տեղեկություններ ստացա, այնպես որ՝ պիտանի է բոլորի համար»: Շնորհանդեսին ներկա էր նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն իր ողջույնի խոսքում կարեւորեց այն, որ միջոցառումը տեղի է ունենում գիրք նվիրելու օրվան ընդառաջ: «Այսպիսի գրքերը կօգնեն երեխաներին, երիտասարդությանը ավելի ակտիվ կապվել տպագիր գրքի հետ»,-ասաց նա: «Գիտելիքների հանրագիտարանը» տպագրվել է 3000 օրինակով: