Կոալիցիոն թեման ԲՀԿ-ի համար փակ է՝ թեկուզ կոչվի Վարդուշ կամ Հայկանուշ (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցներին այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հենց այսօր քննարկել են ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու մասին հարցը եւ ունեն վերջնական որոշում. «ԲՀԿ-ն պատրաստվում է 2017թ. ընտրություններին: Կոալիցիայի թեման փակված է. ուզում եք այն անվանեք Վարդուշ, Հայկուշ, քանի որ որքան հասկացա, մեր գործընկերները չեն սիրում կոալիցիա անունը։ Անկախ անունից, մենք չենք գնա կոալիցիայի, թեեւ մեր կուսակցությունում կան անդամներ, որ այլ կարծիքի են, որ թեկուզ կարճ ժամկետում կոալիցիայի կազմում ավելի արդյունավետորեն կկարողանայինք իրականացնել մեր ծրագրերը: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց դիրքորոշմանը, եւ դա հույս ունեմ փոխադարձ է: Կարծում եմ՝ դա շատ ավելի ազնիվ կլինի քաղաքացիների նկատմամբ. ես առանձնապես չեմ հավատում առնվազն մեկ տարվա կոալիցիաների արդյունավետությանը»: Ինչ վերաբերում է ՄԻՊ թեկնածությանը, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք կառաջադրեն իրենց կուսակցության քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը. «Ես շատ հարգում եմ Զարուհի Փոստանջյանի սկզբունքայնությունը, սակայն նա խիստ սուբյեկտիվ քաղաքական դիրքորոշում ունի: Ես կարծում եմ, որ օմբուդսմենը չպետք է խիստ ընդգծված արմատական կամ իշխանական գործիչ լինի, իսկ Զարուհի Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքական գործիչ է: ՄԻՊ-ը չպետք է լինի քաղաքականացված անձ, այլ պետք է արդար արբիտրի դերում լինի»: