«Մենք դրա կարիքը չունենք, որ մեզ միանան քաղաքական ուժեր». ՀՀԿ (տեսանյութ)
Դաշնակցությունն, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, հաստատ «Իսլամական պետության» մահապարտներից չէ, որ հանուն հայրենիքի կոալիցիայի մեջ մտնի Հանրապետականի նման հեղինակազրկված կառույցի հետ. «Նրանց հաշվարկը հիմնվում է մի բանի վրա՝ նրանք վստահ են, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության գլուխ եւ վերահսկելու է ընտրական պրոցեսը, այսինքն՝ կարողանալու է նորից օրինախախտումներով անցկացնի իր իշխանությունը եւ ընդամենն ուզում են թռիչք կատարել գնացքի վերջին վագոնը եւ էդ գնացքով ներխուժեն հայոց խորհրդարանը»: Հանրապետականի հետ համագործակցելով, ըստ Լեւոն Զուրաբյանի, Դաշնակցությանն այլեւս ընտրություններով խորհրդարան մտնելը հետաքրքիր չէ. «Սա նշանակում է նաեւ, որ Դաշնակցությունը արդեն վաղուց կտրել է որեւէ հույս ժողովրդի աջակցություն ստանալուց, նրանք արդեն ըստ էության խոստովանում են, որ ավարտված են ժողովրդի ընկալման մեջ»: Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը կարիք ունի, որպեսզի ապագա կոալիցիոն գործընկերը պնդի կամ հերքի «հեղինակազրկված իշխանություն» բառերը: Որովհետեւ հեղինակազրկված իշխանության հետ չեն համագործակցում. «Եվ մենք դրա կարիքը չունենք, որ մեզ միանան քաղաքական ուժեր, որ մեր հեղինակությունը բարձրացնենք»: Պարոն Բաղդասարյանին լրագրողները հիշեցնում են Ռուստամյանի այն միտքը նաեւ, որ եթե Դաշնակցությունը չլիներ, Սահմանադրության հանրաքվեն չէր անցնի: Պարոն Բաղդասարյանն ակնարկում է, թե քանի տոկոս է արժեցել Դաշնակցության օգնությունը. «Կարող եք դուք մի փոքր հետ գնալ անցած խորհրդարանական ընտրությունների եւ արդյունքները տեսնել՝ ով ինչքան ձայն է հավաքել: Չեմ կարծում, թե Սահմանադրական բարեփոխումների ժամանակ դա կարող էր 100 տոկոսանոց շեղումներ տալ»: Արմեն Ռուստամյանն այսօր իրենն էր պնդում՝ իշխանությունը հեղինակազրկված է եւ նրա հետ համագործակցելով Դաշնակցությունն իր վարկանիշն էլ է դնում հարվածի տակ. «Որովհետեւ հասկանում ենք, որ իշխանության մեջ լինելը այսօր հեղինակության համար հարված է»: Ավելի լավ է հիմա պարզեն հարաբերություններն իշխանության հետ, քան՝ հետո,-ասում է Արմեն Ռուստամյանը: Հեղինակավոր իշխանություն չկա, որովհետեւ երբեք ժողովուրդն իր ուզած իշխանությունը չի ընտրել. «Մենք մինչեւ հիմա չենք ունեցել էդպիսի վիճակ եւ որեւէ մեկը թող հեղինակության չափանիշ այլ ձեւի չփնտրի, եթե չի եղել ընտրություն, որի ժամանակ մեր ժողովուրդն իր կամքով իր իշխանությունն ընտրել է եւ էդ ընտրությունները կասկածի տակ չեն եղել, ուրեմն խոսել վարկանիշների մասին, անիմաստ է: Սա ենք մենք ասում»: