«Հեռավոր գյուղում ով մի անգամ մոմ է վառել, եկեղեցու պատմություն է դասավանդում» (տեսանյութ)
ԱԺ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում, դիմելով, ինչպես նա ձեւակերպեց՝ սակավաթիվ գործընկերներին, ասաց. «Հեռավոր մի գյուղում ֆիզկուլտուրայի դասատուն, որը անգլերենից գիտի ընդամենը չորս տառ, կամ միայն «հելո» բառը, կարող է դասավանդել անգլերեն: Կամ ասենք՝ ռազմագիտության դասատուն, որ օրվա մեջ մի անգամ եկեղեցու կողքով անցել է մի անգամ մոմ է վառել, եկեղեցու պատմություն է դասավանդում: Ես ուզում եմ, որ օրենքը չմնա մեռելածին, այլ սկսի գործել: Եթե բուհերը պետպատվեր հատկացնում են լավագույն առաջադիմություն ունեցող ուսանողներին, այսօր մտավախություն ունեմ, որ այդ տեղերը լրացվելու են պատահական կիսագրագետներով»: Ըստ նրա՝ եթե ուսանողը պատրաստակամություն է հայտնել, ասենք, Դալարիկ գյուղում դասավանդել մի երկու տարի, արդյունքում չենք ունենում պրոֆեսիոնալ մասնագետներ: Օրենքում որեւէ չափորոշիչ չեմ տեսնում, այլ տեսնում եմ սողանցք: Օրինակ՝ հստակ չէ՝ ծախսված գումարի վերադարձման մեխանիզմները, եթե ուսանողը չի սովորում»: