«Հենց վերադառնում են արտագնա աշխատանքից, սեռավարակների աճ է գրանցվում»
Հայաստանում տարեկան 3000-3500 վիժում է արձանագրվում: Սա միայն պաշտոնական տվյալներն են, սակայն որոշ դեպքերում էլ կանայք բժշկի չեն դիմում: Ինչո՞վ է պայմանավորված այս բարձր ցուցանիշը. «Շատ դեպքերում պայմանավորված է լինում սեռավարակներով, հորմոնալ խախտումներով, գենետիկ մուտացիաներով, տրոմբոֆիլիայով (արյան գերմակարդելիություն)»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը: 30-ից բարձր տարիքի կանանց մոտ սեռավարակները և հորմոնալ խախտումներն են ավելի հաճախ հանդիպում: Հարցին, թե որքանո՞վ է մարդկանց կենսակերպը նպաստում հղիության ընդհատումներին, Աննան նշեց. «Այժմ կյանքի ոճը փոխվել է, մարդիկ ավելի պասիվ են, համակարգչի առջև են շատ նստում, սպորտով քիչ են զբաղվում, սխալ սննդակարգ ունեն, ֆաստֆուդ են շատ օգտագործում, այս ամենն իր դերն ունենում է, բերում է նյութափոխանակության խանգարման և այլ խնդիրների»: Գաղտնիք չէ, որ վատ սովորություններից որոշ կանայք չեն հրաժարվում անգամ հղիության ընթացքում. «Հղի կինը պարտավոր է չծխել, խմիչքից հնարավորինս խուսափել»,-շեշտեց բժշկուհին: Ինչ վերաբերում է սեռավարակներին, Աննան շեշտեց, որ հատկապես մարզերից են այս խնդրով ավելի հաճախ դիմում. «Նույնիսկ սեզոնային բնույթ է սա կրում: Երբ ամուսինները վերադառնում են արտագնա աշխատանքից, մեկ ամիս անց կանայք դիմում են այս խնդիրներով: Պիկ է առաջանում դիմելիության առումով, և կարծում եմ՝ մյուս բժիշկների մոտ էլ է այդպես»: Իսկ տղամարդկանց մի մասն այնքան էլ պատասխանատվությամբ չեն վերաբերվում իրենց սեռական առողջությանը. «Տղամարդիկ հաճախ չեն դիմում: Ասում են՝ եթե խնդիր ունենայի, կիմանայի: Ոչ գրագետ մոտեցում է ցուցաբերվում»,-ընդգծեց Աննան: Վիժումներին նպաստում են նաև հղիության արհեստական ընդհատումները: «Մեծ տարիքի կանայք երբեմն 40, 50 աբորտ են արած լինում: Իհարկե, դրանից հետո չի բացառվում, որ ունենան երեխա, սակայն երբեմն անգամ մեկ դեպքը կարող է անդառնալի հետևանք ունենալ այն առումով, որ այլևս չկարողանան հղիանալ»: Վերջում բժշկուհին հորդորեց հղիություն պլանավորելիս նախապես դիմել բուժհաստատություն և անցնել մինիմալ ստուգումներ: