Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբիկ Հակոբյան. «Հակընդդեմ բանաձևի նախագիծ պետք է ներկայացնել ԵԽԽՎ-ում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Rubik-Hakobyan-nkar

Ըստ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի՝ ԵԽԽՎ բանաձևերը կիրառական առումով նշանակություն չունեն. դա հասարակական կարծիք ձևավորելու ամբիոն է: «Բայց մյուս կողմից, երբ շատ են լինում նման բանաձևեր, որոնք հարվածում են Հայաստանին, ինչ-որ մի տեղ դա փաթեթավորվում է և շատ դեպքերում կարող է վատ անդրադառնալ մեր հետագա դիվանագիտական գործունեությանը: Այս դեպքում, թեև չեմ կարծում, որ նման հետևանք կունենա»,-նշեց նա: Պատգամավորը կարծում է, որ ԵԽԽՎ-ի օրակարգ դրված երկու հակահայկական զեկույցների հարցում հայկական կողմը չի օգտագործել շատ կարևոր մի փաստարկ. «Լեռնային Ղարաբաղի իշխանություններն, ի դեմս վարչապետի, շատ բարյացակամ վերաբերմունքով ասեին, որ մենք պատրաստ ենք հակառակ կողմի հետ քննարկել Սարսանգի ջրամբարի հարցը, և գտնել լուծումներ, որոնք կարող են երկուսիս էլ բավարարել: Արցախի իշխանություններով է պայմանավորված, թե հետագայում այս հարցն ինչ շարունակություն կունենա: Եվ սա օգտագործելով, հակընդդեմ բանաձևի նախագիծ կարելի է ներկայացնել»: Ղարաբաղի իշխանություններն, ըստ պարոն Հակոբյանի՝ պետք է հայտարարեին, որ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք, կարող եք միջազգային միջնորդների մասնակցությամբ Ադրբեջանի հետ նստել և քննարկել Սարսանգի ջրամբարի և այլ հարցեր: Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն գերազանցեց իր լիազորությունները. «Հինգ հոդված կար այն մարդասիրական, սոցիալական կոչվող բանաձևում, որոնք հստակ քաղաքական էին: Եվ այս հարցով պետք է զբաղվել համապատասխան մարմինների հետ»,-ասաց պատգամավորը: Խոսելով ներքաղաքական կյանքից, մասնավորապես՝ նոր սահմանադրությունից, պարոն Հակոբյանը շեշտեց. «Երբ ասում էին սահմանադրությամբ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է ընդդիմությունից, դա ոչինչ է: Այսօրվա սահմանադրությամբ մի օրենք կա, որ պետք է 3/5-րդով ընդունվի, դա Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն է: Փոփոխված տարբերակով դատախազ, Արդարադատության համակարգ 3/5-րդով է ընդունվելու, դա մեծ լծակ է ընդդիմության ձեռքին»: