«Ոստիկանությունը հոգեպես կոտրվել է ու դիմում է սադրանքների» (տեսանյութ)
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են դրանք: Երեկ գիշերը սահմանված կարգով Ազատության հրապարակում հերթապահություն են իրականացրել մեր նախաձեռնության անդամներից երեք հոգի: Նրանց են մոտեցել չորս երիտասարդներ: ալկոհոլ ու տորթ են հետները բերել՝ ասելով, որ նրանցից մեկի ծննդյան օրն է և առաջարկում են միասին այն տոնել: Մեր մասնակիցները մերժել են այդ առաջարկը»,-«Ա1+»-ի հետ զրույցում երեկվա միջադեպի մանրամասներն է ներկայացնում «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Նշենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն հունվարի 27-ի լույս գիշերը Ազատության հրապարակից բերման են ենթարկվել 7 քաղաքացիներ, որոնց մոտ հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների շշեր և դանակ: Բերման ենթարկված անձիք, սակայն, ըստ նույն հաղորդագրության՝ արդեն ազատ են արձակվել: Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ սա ոստիկանության կողմից կազմակերպված սադրանք է ՝ իրենց շարժմանը խոչընդոտելու համար: «Ոստիկանությունը փորձել է հասարակական կարգի խախտման պատրվակով խոչընդոտել մեր նստացույցը և դրա համար էլ կազմակերպել են այս սադրանքը: Երբ որ մեր անդամներն էլ բերման ենթարկվեցին, ոստիկանությունում հաստատվեց նրանց սթափ լինելու փաստը: Այս ամենը մեր համոզմամբ՝ հորինված է այն պարզ պատճառով, որ այս օրերին որևէ մեկը չի կարող մտնել Ազատության հրապարակ՝ առանց ոստիկանության կողմից զննման: Նրանք չորս կողմից հսկում են այս տարածքը և գիշերվա այդ ժամին ինչ-որ մեկը, այն էլ անչափահաս երիտասարդ առանց հսկողության այս տարածք մտնել չէր կարող: Ի սկզբանե նպատակ է հետապնդվել բարոյական, նյութական և ֆինանսական վնաս մեզ պատճառել»,-նշեց Անդրիաս Ղուկասյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ երեկ Ազատության հրապարակից ոստիկանությունն առգրավվել է իրենց պատկանող շուրջ 20 տեսակի իրեր՝ աթոռներ, սեղաններ ջեռուցման սարք,վրաններ, ծածկոցներ, նույնիսկ պաստառները տեղաշարժելու ակերն են ապամոնտաժվել: Ըստ պարոն Ղուկասյանի՝ պատճառը նաև եղանակային ցուրտ պայմաններն են: «Այս ամենի պատճառներից մեկը նաև ծանր կլիմայական պայմաններն են: Ոստիկանությունը հոգեբանորեն կոտրվել է այս ցուրտ օրերին և ամեն կերպ փորձում է նման էժանագին միջոցներով կանխել մեր շուրջօրյա նստացույցը»,-ասաց նա: Նշենք նաև, որ «Նոր Հայաստան» շարժումը ոստիկանությանը մինչ այսօր ժամը 16:00 ժամանակ է տվել՝ առգրավված իրերը ետ վերադարձնելու համար, հակառակ դեպքում ժամը 18:00-ին իրենք նստացույցի համար նախատեսված ծածկերն ու վրանները կվերականգնեն: