Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատակիցները հետեւելու են «Նաիրիտի» վերագործարկման ընթացքին (տեսանյութ)

Տնտեսություն
nairit

Չնայած ցուրտ եղանակին, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի տարածքում՝ ցույց տալու համար, որ հետեւողական են լինելու գործարանի վերաբացման ընթացին: Նախորդ շաբաթ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը նաիրտիցիներին ասել էր, որ ռուսական 3 կազմակերպություն հետաքրքրված է «Նաիրիտ»-ի վերագործարկմամբ, եւ այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Զոհրակ Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ վերագործարկման գործընթացն իրենց պայքարի արդյունքն է. ««Նաիրիտի» աշխատակիցներն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որ գործարանը վերագործարկվի, չլուծարվի: Այդպիսի արտադրությունը փակելը կառավարության կողմից անխոհեմություն կլիներ եւ մեծ վնաս կհասցներ տնտեսությանը»,-նշեց նա՝ հավելելով, որ շարունակելու են հետեւել գործընթացին. «Մեր պահանջն այն է, որ այդ գործընթացն արագացվի, որովհետեւ յուրաքանչյուր օր, որ գործարանը կանգնած է, լրացուցիչ ծախսեր կպահանջի հետագայում վերագործարկելու համար: Պետք է անհրաժեշտ ամեն քայլ անել՝ վերագործարկման հարցը հնարավորինս շուտ լուծելու համար»: