Հաշմանդամություն ունեցող աշխատողները՝ ցուցահանդեսի հերոսներ
Այսօր Նարեկացի արվեստի միությունում բացվեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը եւ հնարավորություններն արտացոլող ցուցահանդես, որը կազմակերպվել է «Սկարպ» առողջական կենտրոնի կողմից: Լուսանկարներում, որոնց հեղինակը Վիգեն Մնոյանն է, պատկերված են հաշմանդամություն ունեցող անձիք՝ իրենց իրական աշխատավայրերում: «Ա1+»-ի հետ զրույցում լուսանկարիչ Վիգեն Մնոյանը նշեց, որ նախկինում եւս առիթ ունեցել է աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, բայց նմանատիպ նախագիծ առաջին անգամ է իրականացնում. «Մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, կան տարբերակումներ: Կան մարդիկ, որոնք վախենալով են մոտենում հաշմանդամություն ունեցող անձանց: Ես ինքս էլ մի քիչ վախ ունեի սկզբում: Բայց դրա կարիքը չկա, նրանցից վախենալու, նրանց խղճալու կարիք նրանք չեն զգում»: 25-ամյա Գոհար Նավասարդյանը նախագծի հերոսուհիներից է: Լուսանկարը միանգամից հուշում է, որ նա ԱԻՆ-ում է աշխատում: Մեզ հետ զրույցում Գոհարն ասաց, որ օրիգինալ ու հետաքրքիր նախագիծ է. «Նախագիծը կարեւոր է այնքանով, որ հասարակությունը տեղեկանում է, որ հաշմանդամություն ունեցող անձիք ներգրավված են տարբեր ոլորտներում: Այստեղ ներկայացված են ոլորտներ, որոնց մասին երբեւէ չի խոսվել, ես ինքս էլ չգիտեի»,-նշեց նա՝ առանձնացնելով ավտոմեխանիկի, վարուցանք անողի աշխատանքները, որոնցում ներգրավված են հաշմանդամություն ունեցողները: Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 24-ը: