Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսելու հնարավորություն կա (տեսանյութ)
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերություններում որակապես նոր հնարավորություններ չեն ստեղծվի. համոզված է «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր տնօրեն Սեւակ Սարուխանյանը: Ըստ նրա՝ միայն կվերականգնվեն 2009 թվականի կիսատ մնացած հարաբերությունները, որոնք Հայաստանի համար այդքան էլ շատ չեն. « Իրանը չնայած ակտիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, տնտեսական առումով նա պասիվ է, իրանական ներդրումները մի քանի անգամ փոքր են թուրքական ներդրումներից, հայ-իրանական ապրանքաշրջանառությունը սահմանափակված է: Ես ներկայումս որեւէ լուրջ, գլոբալ, մեծ նշանակության նախագիծ հայ-իրանական օրակարգում չեմ տեսնում»: Իսկ մինչեւ պատժամիջոցները հարեւան երկրի հետ մեր թերեւս կարեւորագույն նախագծերից մեկը Մեղրու ՀԷԿ-ի կառուցումն էր, որը ժամանակին դադարեցվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով` Իրանի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային միջոցները սահմանափակվել էին: Սեւակ Սարուխանյանը չի շտապում եզրակացնել, որ պատժամիջոցների վերացումից հետո Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը կվերսկսվի. «Բանակցությունների նոր փուլ կսկսվի, որը որեւէ արագ գործընթացի կամ որոշման չի բերի»: