«Հայերը մենակ չէին այս ողբերգության մեջ». դերասանը՝ «Օսկար»-ի ներկայացված ֆիլմի մասին
2016 թվականին հանդիսատեսի դատին կհանձնվի ռուսաստանաբնակ հայազգի կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի եւ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը, որը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակում եւ Գյումրիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Ֆիլմի գործողությունները ծավալվում են Գյումրիում եւ Մոսկվայում: Գլխավոր դերակատարներն են Կոնստանտին Լավրոնենկոն եւ Մարիա Միրոնովան: Հայ դերասաններից ֆիլմում նկարահանվել են Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթև Հովակիմյանը, Արմեն Մարգարյանը, Սոս Ջանիբեկյանը: Ֆիլմը կներկայացվի «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
«Ա1+»-ը զրուցեց դերասան Արմեն Մարգարյանի հետ:
-Արմեն, ինչքանո՞վ էր Ձեզ համար կարեւոր նման ֆիլմում նկարահանվելը:
-Ֆիլմը ներկայացնում է հայ ժողովրդի պատմության մի ողբերգական էջ, մի ժամանակաշրջան, երբ հայերը հայտնվել էին ծանր վիճակում: Ինձ համար շատ կարեւոր էր, քանի որ այդ ժամանակաշրջանը պետք է հանձնվեր ժապավենին, եւ պետք էր հնարավորինս ճշգրտորեն հասցնել հանրությանը երկրաշարժի շունչը: Այս ֆիլմը հերթական ֆիլմ չէր ինձ համար: Ֆիլմեր կան, որտեղ պարզապես նկարահանվում ես, այստեղ ամենեւին էլ չես մտածում ֆինանսական կողմի, դերի՝ գլխավոր կամ երկրորդական լինելու մասին, այստեղ պարզապես մտածում ես դեպքերը ճիշտ կերպով վերապրելու եւ ներկայացնելու մասին:
-Ու՞մ կերպարն եք դուք մարմնավորում: Հակիրճ կներկայացնե՞ք:
-Իմ կերպարը քիչ թե շատ ապահովված գործարար է, ով սիրահարված է ֆիլմի հերոսուհիներից մեկին, ում կողմից անընդմեջ մերժվում է: Արմենը մշտապես նվերներ է մատուցում այդ աղջկան, իսկ նախքան երկրաշարժը նա նվիրում է քարից մի սեղան, որի միջոցով փաստորեն աղջիկը հետագայում կարողանում է փրկվել: Երկրաշարժի դրվագում Արմենը (հերոսը), ցանկանալով փրկել իր աշխատակիցներին, ուղղորդում է նրանց դեպի կամարը, որը սակայն փլվում է՝ իր տակ թողնելով բոլորին: Հերոսը իր աչքի առաջ տեսնում է իր աշխատակիցների մահը եւ հայտնվում է ծանր հոգեկան վիճակում, չի հասկանում՝ ինչ է կատարվում շուրջը: Հետագայում այս կերպարին անընդհատ կարելի է տեսնել դիակներ տեղափոխելիս, իսկ երբ հանդիպում է հերոսուհուն, այլեւս չի ճանաչում նրան:
-Իսկ ինչքանո՞վ էր Ձեզ հոգեհարազատ այս կերպարը:
-Թատրոնում ունեցել եմ նման խորը, հոգեբանական դեր, սակայն կինոյում առաջինն էր: Սկզբում նույնիսկ մի թեթեւ մտահոգություն կար, թե ինչպես եմ հանդես գալու: Երկրաշարժի տարիներին բավականին երիտասարդ էի, այլ կերպ էի ընկալում ողբերգությունը, տարիների ընթացքում դա, բնականաբար, փոխվեց: Ամբողջ ֆիլմը, դեկորացիաները, ստեղծված ռեալիստական միջավայրը օգնեցին ինձ մտնել կերպարիս մեջ նկարահանման առաջին վայրկյաններից, օգնեցին զգալ, վերապրել այդ ժամանակահատվածը յուրովի:
-Ինչո՞վ էր յուրահատուկ այս ֆիլմը՝ համեմատած Ձեր մասնակցությամբ նախորդ ֆիլմերի հետ:
-Նկարահանվել եմ շատ ֆիլմերում, ամեն դերն էլ ունեցել է իր ասելիքը, իրենով է յուրահատուկ եղել, սակայն ես երբեք չեմ աշխատել կամ ավելի շուտ քիչ եմ աշխատել նման կազմակերպված ստեղծագործական մթնոլորտում: Հրապարակում աշխատում էր մոտ 200 մարդ, տարբեր երկրներից ժամանած դերասաններ, սակայն աշխատանքները կազմակերպվում էին՝ նույնիսկ չշեղվելով օրակարգից, բոլորը աշխատում էին թիմային մթնոլորտում, մի մարդու նման:
-Ձեր կարծիքով ինչպիսի՞ միջազգային արձագանք կունենա ֆիլմը:
-Ֆիլմի հիմքում դրված է մարդկային ամենակարեւոր արժեքներից մեկը՝ կարեկցանքը: Ճիշտ է ֆիլմը հայերի ողբերգության մասին է, սակայն ողբերգությունը իր տեսակով համամարդկային է անկախ ազգությունից, քանի որ այդ ողբերգության կենտրոնում մարդ արարածն է կանգնած: Ֆիլմում հստակ երեւում է, որ այս ողբերգության մեջ հայը մենակ չէր: Այս տեսանկյունից, ըստ իս, ֆիլմը բավականին ընկալելի կլինի միջազգային հանրությանը:
-Ինչպե՞ս կգնահատեք հայկական այժմյան ֆիլմարտադրության ոլորտը:
-Փոփոխությունները միանշանակ ակնհայտ են, շատերը դրսում են սովորում, արտասահմանի փորձը բերում են այստեղ: Շատ կարեւոր է, որ ֆիլմը ունենա պրոֆեսիոնալ անձնակազմ, սակայն արդեն վաղուց ժամանակն է ազատվելու այդ «պրոֆեսիոնալ» բառից, անընդհատ այն շեշտադրելով՝ կարծես նաեւ շեշտում ես, որ դրա կողքին մեզ մոտ կա նաեւ ոչ պրոֆեսիոնալը: Ֆիլմը կոլեկտիվ արվեստ է, ֆիլմում պետք է ասելիք ունենա յուրաքանչյուրը: Հայաստանում դերասանը կարող է բացահայտել իր պոտենցիալը եւ գնալ առաջ, սակայն չկան առիթներ: Ինչքան դերեր կարելի է խաղալ. սակայն այստեղ կարծես չկան այդ ծրագրերը, մտքերը, սցենարները: Շատ դերասաններ ունեն իրենց երազած կերպարները, որոնք այստեղ անհնար է խաղալ: Մեկ այլ խնդիր է նաեւ այն, որ մենք կրթել ենք սխալ հանդիսատես մեր ժամանցային ֆիլմերով: Թվում է՝ այսօր ծիծաղեցնելը հեշտ է, սակայն այդպես չէ, նույնիսկ կատակերգությունը պետք է մատուցվի մեծ վարպետությամբ ու ասելիքով, այն պետք է մտածելու տեղիք տա, իսկ մենք, կարծես, հանդիսատեսին պարզապես կերակուր ենք տալիս առանց որեւէ համեմունքի:
-Դուք բավականին երկար տարիներ է, ինչ աշխատում եք թատրոնում. նույն խնդիրը տեսնում եք նաեւ այնտե՞ղ:
-Այո, կիրթ հանդիսատեսի կարիք այնտեղ էլ կա: Բեմ ես դուրս գալիս ու երբեմն զգում ես, որ մարդիկ եկել են, ուղղակի որովհետեւ ունեն տոմս, ուղղակի ժամանակ անցկացնելու: Սակայն թատրոնը միայն ժամանցի վայր չէ, թատրոնը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուրին՝ այդ թվում եւ հանդիսատեսին, տրվում է արտահայտվելու հնարավորություն. այն հոգեվիճակը, այն ցանկությունները, միգուցե գաղտնիքները, այն, ինչը իրականում չես ասի կամ չես անի, արտահայտվում են թատրոնում, յուրաքանչյուր կերպարի միջոցով: Յուրաքանչյուր կերպարի մեջ հանդիսատեսը կարող է տեսնել իրեն:
-Այնուամենայնիվ, եթե չդառնայիք դերասան, ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք:
-Ըստ երեւույթին, կընտրեի այնպիսի մասնագիտություն, որտեղ իմ կարիքը կլիներ, որտեղ կկարողանայի որեւէ բան փոխանցել: Ամեն դեպքում, ինչ էլ որ ընտրեի, կլիներ արվեստի ոլորտում, իսկ ավելի կոնկրետ միգուցե նկարիչ: Պարզապես առանց արվեստի, առանց ստեղծագործելու դժվար թե պատկերացնեմ կյանքս: Այնտեղ ես գտնում եմ ազատություն, հոգու թռիչք:
Զրուցեց Սյուզի Մուրադյանը