Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուքմեյքերական գրասենյակի սպանության դեպքից հետո հետախուզում է հայտարարվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
Karen_Shahinyan.1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավազակային հարձակման և Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում ավազակային հարձակումն իրականացվել է Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու կողմից։ Նախնական տվյալներով՝ վերջինս 2015թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 01-ից մինչև ժամը 02-ն ընկած ժամանակահատվածում, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել և բազմաթիվ հարվածներ է հասցրել Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի աշխատակից Ա.Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան, ապա հափշտակել գումար ու դիմել փախուստի։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։ Քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղադրյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Նույն գործով ՀՀ Ոստիկանության հաղորդագրությամբ՝  հետախուզում է հայտարարվել.

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյանը, ով ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով հարձակում կատարելու դիտավորությամբ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արթուր Նազարյանի որովայնին, պարանոցին և կրծքավանդակին, սպանել նրան ու հափշտակել գումար: Դեկտեմբերի 24-ին Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: Քննությունը շարունակվում է: