«Ես շարադրություն գրող աղջիկ էի». կայացավ «Բարձր լարում» գրքի շնորհանդեսը
Արմինե Բոյաջյանի առաջին գրքի՝ «Բարձր լարման» շնորհանդեսը հիրավի անցավ «բարձր լարման» ներքո: Սրահում, որտեղ հավաքված էին գրողի մտերիմները եւ պարզապես գրականության սիրահարները, ասեղ գցելու տեղ չկար: Էլեկտիրկ Երեւանի ցույցերից ոգեշնչված գրողի գիրքը հանրությանը ներկայացվեց լամպերի լույսի ներքո, որն ուղեկցվում էր Բաղրամյանում պայքարող քաղաքացիների հանրահայտ արտահայտություններով: Իր կուրսընկերների՝ գրողներ Համբարձում Համբարձումյանի եւ Արթուր Հայրապետյանի օգնությամբ գիրքը գինով օծելուց հետո, Արմինեն հավաքվածների հետ կիսվեց իր զգացողություններով. «Ես շատ հուզված եմ հիմա: Դուք բոլորդ հայելու էֆեկտ ունեք, որովհետեւ ես տեսնում եմ ուրախ աչքեր: Ողջունում եմ ամեն մեկիդ: Անծանոթ մարդիկ շատ քիչ եմ տեսնում: Այստեղ մարդիկ են, ում ներկայությունն ինձ համար շատ կարեւոր է»: Արմինե Բոյաջյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Հովսեփյանին, ում համարում է իր ստեղծագործական ուղու գլխավոր «մեղավորը»: «Ռուբեն Հովսեփյանն իսկապես հայ ժամանակակից գրականության ակնառու դեմքերից մեկն է: Ես միշտ խոնարհվում եմ իր առջեւ եւ շատ երախտապարտ եմ իրեն: Նա իմ անցաթուղթն է այս կյանքում, իմ պսակը: Որտեղ որ գնում եմ՝ իմ ամենասիրելի հարցն այն է, թե ում կուրսն եմ ավարտել: Այդ ժամանակ ես դառնում եմ աշխարհի տերը, որովհետեւ ես գիտեմ՝ ում սանն եմ, ով է ինձ գրել սովորեցել, բռնել իմ ձեռքից, սովորեցրել բառերը մաղել, ճիշտ ժամանակ լռել, սովորել՝ ինչ է նշանակում գրականության մեջ պաուզա: Շնորհակալ եմ նրան, ով ինձ շարադրություն գրողից դարձրեց գիրք գրող: Ես շարադրություն գրող աղջիկ էի»,-եզրափակեց նա: