«Հասկանալի չէ, թե Ադրբեջանն ինչ քաղաքական ուղի կորդեգրի». Արամ Կարապետյան (տեսանյութ)
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ԱՄՆ կողմից հետաքրքրության աճ է նկատում Հարավային Կովկասում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության եւ ագրեսիայի թուլացմանն ուղղված առաջարկներին: «Ամերիկացիները մեր տարածաշրջանում վերջերս շատ ակտիվ են: Նրանց տեսակետները Հարավային Կովկասի վերաբերյալ տրանսֆորմացիայի են ենթարկվելու: Արդեն պարզ է, որ ադրբեջանական վերնախավի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել: ԱՄՆ-ը հստակ ցույց է տալիս Հարավային Կովկասում իր հետաքրքրության կտրուկ աճը: Պետք է ընդունել, որ այդ առումով կոմպլեքս որոշումներ են առաջարկում, որը ծրագիր է եւ ելք՝ դիպուկահարներին տանենք, տեխնիկական միջոցներով սահմանը վերահսկենք եւ ավելացնենք ԵԱՀԿ դիտորդների թիվը: Եթե նկատել եք, մյուս կողմերը, բացի կոչերից, որեւէ գործնական որոշում չեն առաջարկել»: Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ կոնգրեսականների առաջարկն ինչպես կընդունվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից,Արամ Կարապետյանն ասաց. «Հայկական կողմը միայն կողջունի, որովհետեւ դա ստատուս քվոյի պահպանման ձեւերից մեկն է: Ադրբեջանը սկզբում մերժեց, բայց, մյուս կողմից, այս պատժամիջոցների առումով, հասկանալի չէ, թե հիմա ինչ քաղաքական ուղի է որդեգրելու բոլոր հարցերում»: