Քաղաքացիներին ապակողմնորոշում են կարևոր ընտրություններից առաջ. հոգեբան (տեսանյութ)
Չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները արտացոլում են Հայաստանի բնակչության իրական տրամադրությունները, քաղաքացիները հիմնականում դժգոհ են արձանագրված արդյունքներից: Յուրաքանչյուր համապետական քվեարկություն նրանց մոտ փոփոխությունների հույս է առաջացնում, բայց սահմանադրական հանրաքվեն եւս, նախորդ ընտրությունների պես, մեծ մասի հույսերը հօդս է ցնդեցրել։ Հոգեբան Հրանտ Ավանեսյանի կարծիքով՝ հանրաքվեին մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորված էր հանգամանքով, որ հասկանալի չէ՝ ինչ է սպասվում նոր սահմանադրության ընդունումից հետո: «Անձի դեպքում կողմնորոշվում են, սակայն երբ խոսքը գնում է բովանդակության մասին, ապա բովանդակության մեջ մարդիկ իրազեկված չէին, և երևի նույնիսկ դրա կարիքն էլ չկար. կարևորը՝ նրանք քաղաքական ուժին վստահեին, որն իրենց ներկայացնում է կողմը կամ դեմը, բայց քաղաքական ուժերի ներկայացվածությունը ռեալ պատկերը չի ստեղծում»,- ասում է հոգեբանը: Ըստ պարոն Ավանեսյանի՝ խնդիրն ավելի խորքային է. ԶԼՄ-ները բարձրացնում են բնակչության տագնապայնության աստիճանը, դա էլ արտահայտվում է նրա վարքում և հանրային միջոցառումների նկատմամբ դիրքորոշման ձևավորմամբ: Մանրամասները՝ տեսանյութում