Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գլխավոր քարտուղարը ՌԴ-ին հիշեցրել է իր պարտավորությունները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
putin11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, օրենք է ստորագրել, որը Սահմանադրական դատարանին իրավունք է տալիս որոշել՝ կատարե՞լ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջպետական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, թե ոչ. տեղեկացնում է «Дождь»-ը: Օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելիս առաջնորդվելու է ՌԴ Սահմանադրության գերակայության սկզբունքներով: ՌԴ նախագահի ընդունած այս որոշումն անարձագանք չի մնացել: Դրան անդրադարձել է Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը: Իր տարածած հաղորդագրության մեջ, վկայակոչելով Մարդու իրավունքների կոնվենցիայի 46-րդ հոդվածը, նա նշել է, որ ԵԽ անդամ բոլոր պետությունները պարտավոր են գործել Ստրասբուրգի դատարանի դատավճիռների համաձայն: Գլխավոր քարտուղարը ասել է, որ Ռուսաստանի Սահմանադրական դատարանը պետք է ապահովի Կոնվենցիայի հանդեպ հարգանքը: «Եվրոպայի խորհուրդը միայն կարող է գնահատական տալ Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, եթե դրա անհրաժեշտությունը ծագի: Ստրասբուրգի դատարանի դատավճիռների համատեղելիությունը ազգային սահմանադրությունների հետ ուսումնասիրվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան եւ Ավստրիան: Մինչ այժմ երկրները կարողացել են Կոնվենցիային համապատասխան լուծում գտնել: Սա պետք է նաեւ հնարավոր լինի Ռուսաստանում»,-ասված է Թյորբորն Յագլանդի հայտարարության մեջ: