«Պարոն Լիսկա, պատրաստվիր, գալիս ենք քեզ Գորիսից դուրս հանենք» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, երբ քննարկվում էր «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումները կատարելու մասին նախագիծը, հայտարարեց, որ մեր զինանշանը մեր մշակութային ինքնությունն է որոշում. «Ես երջանիկ մարդ եմ, քանի որ այսպիսի խորհրդանիշի տակ եմ գործում, որը խորհրդանշում է մեր անցած ուղին, մեր թագավորությունները, եւ չպետք է աղավաղվի այն»: Ըստ նրա՝ մեր զինանշանը աղավաղվեց ՀՀԿ թողտվության արդյունքում, երբ ՀՀ-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ մարզիկների շապիկներից հանվեց Արարատ լեռը: Այնուհետեւ, նա պարզեց ՀՀԿ զինանշանը եւ ասաց. «Ամեն ինչ ՀՀԿ-ի մոտ թարս է պտտվում: Եթե սա հավերժության խորհրդանիշն է, ապա այն չի կարող թարս պտտվի: Հասկանալի է, որ թարս ձեւակերպումը եւ թարս խորհրդանիշը ունենալու է նաեւ թարս ընթացք, այսինքն՝ ճիշտ չի ընթանալու, եւ դրա վերջն էլ է գալու, քանի որ ինչ թարս է, ունենալու է սխալ ընթացք եւ վախճան»: ՀՀԿ պատգամավորները տեղից սկսեցին բղավել ու ռեպլիկներ անել: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ դեկտեմբերի վեցին ապացուցվեց ՀՀԿ-ՍՄԿԿ կապը. «Այսինքն՝ բոլշեւիզմ, եւ այդ վկայությունը եւս մեկ անգամ դուք փորձեցիք հնչեցնել, որ դուք չեք ցանկանում հեռանալ, այլ այդ բոլշեւիզմի միջոցով ցանկանում եք շարունակել մնալ, սակայն դա ձեզ չի հաջողվելու: Ես, ճիշտ է, այստեղ փոքրամասնություն եմ, սակայն կան մարդիկ, որոնք դա չեն հանդուրժում, ու դուք կհեռանաք: Օրինակ՝ սա նաեւ ֆաշիստական խորհրդանիշն է հուշում: ՀՀԿ այս խորհրդանիշները պետք է վայր դրվեն. դրանք պարտված խորհրդանիշեր են: Դեկտեմբերի վեցին տեղի ունեցավ ՀՀԿ-ին բնորոշ մշակույթի դրսեւորում, երբ վայրագությամբ լցոնում էին անում, ծեծում էին: Դա բախվեց մեր ժողովրդի ինքնության հետ: Դեկտեմբերի վեցը քաղաքակրթությունների բախման օր էր: Հանրությունն այլեւս չի ընդունում լիսկաբոլշեւիկյան այդ վայրագությունը»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոչ արեց նրան վիրավորանքներից զերծ մնալ: «Խորհրդանիշը մեկ չէ, անձ չէ... Որեւէ մեկն ո՞վ է՝ Լիսկա՞ն է ձեր պաշտպանության տակ»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը: «Պետք չէ ինձ հետ բանավիճել: Ես ձեզ ընդամենը պահանջ եմ ներկայացնում ու վիրավորանքներ ձեզ մի թույլտվեք»,- պատասխանեց Հերմինե Նաղդալյանը: Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ ասելով, որ հիմա կներկայացնի «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի ծրագիրը: Դահլիճից ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը բղավեց. «Դուք ո՞վ եք»: «Ես անուն-ազգանուն ունեմ, դուք շատ լավ գիտեք՝ ես ով եմ»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը եւ սկսեց ներկայացնել «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի ժամանակացույցը, թե ՀՀ որ մարզերում են լինելու. «Վաղը մենք լինելու ենք Սյունիքում, ոչ թե հյուր, այլ դուրս հանելու Լիսկային այնտեղից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, մենք գալիս ենք քեզ Գորիսից դուրս հանենք»: Հերմինե Նաղդալյանը անջատեց նրա խոսափողը. «Դուք ձեր խոսելու իրավունքը կորցրիք, քանի որ չեք ըմբռնում, որեւէ մեկին չպետք է վիրավորեք: ՀՀԿ-ն որեւէ մեկի վրա չի հարձակվում, ու մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր է: Ձեր կողմից առնվազն ցինիզմ է, որ խորհրդային բանտերում իրենց գործունեությունը սկսած ՀՀԿ հիմնադիրների հասցեին նման խոսքեր ասելը սին, անհիմն արտահայտություններ են: Դա է միայն ձեզ մնացել»: