«Սեյրան Օհանյանն ազգային հերոս է, բայց մեծ փոփոխություններ անձերը չեն կարող անել» (տեսանյութ)
«Մենք դանդաղ ենք քաղաքակրթվում, դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ավելի լավը չէր, քան նախկին ընտրությունները»,- խոսելով հանրաքվեի ընթացքում գրանցված խախտումների, բռնությունների մասին՝ նշում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ Պատգամավորը հույս է հայտնում, որ դիտորդների, հանձնաժողովների անդամների նկատմամբ կիրառված բռնությունների, խախտումների նկատմամբ իրավապահ համակարգն անտարբեր չի գտնվի «և դրանք իրականացրած անձինք կպատժվեն»։ Պարոն Պողոսյանը նաև շնորհակալ է քաղաքացիական բարձր դիրքորոշում ցուցաբերած անձանց. «Լրագրողներին, որոնք աշխատեցին բարդ պայմաններում ու ամեն ինչ արեցին թափանցիկություն ապահովելու համար։ Ուրախ եմ նաև, որ ձևավորվում է դիտորդների բանակ, որն ամեն ինչ անում են արդարության հասնելու համար»։ «Ա1+»-ի հարցին՝ ինչպես է ինքը վերաբերվում Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 7-ին արած հայտարարությանը, թե երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք, ինչպես նաև՝ «հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է», և ո՞վ է մեղավոր դրա համար, Թևան Պողոսյանը պատասխանում է. «Շատ ուրախ կլինեի, որ միասնական երկիր լինեինք, բոլորը պետք է իրենց այս հարցը տան, եթե արդեն ձևավորվել է այդ ճակատը, իսկ ի՞նչ ենք արել մենք»։ Տարբեր ճակատների առաջացումը պատգամավորը հետևյալ կերպ է բացատրում. «Գալիս է մի իրավիճակ, երբ մյուս կողմը, մեխանիզմներ չգտնելով օրենքով լուծել խնդիրները, մտքով անցկացնում է ճակատ ձևավորելու մասին։ Խոսում ենք լավ բաների, բարեկեցության մասին, բայց դա միայն խոսելով չէ։ Արդյո՞ք, օրինակ կառավարությունն այնպես է աշխատում, որ նման իրավիճակներ չլինեն»։ Դեկտեմբերի 7-ին էլ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ հայտարարեց, թե Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող է լինել հաջորդ նախագահը, իսկ հետո պահանջեց նրա հրաժարականը, պարոն Պողոսյանը չի ցանկանում մեկնաբանել պարոն Հովհաննիսյանի հայտարարությունը, սակայն ավելացնելու բան ունի. «Անշուշտ, Սեյրան Օհանյանն ազգային հերոս է, վայելում է բանակի վստահությունը, սակայն առկա համակարգի մեջ մեծ փոփոխություններ անձերը չեն կարող առաջացնել»։ Ըստ նրա՝ ապագա կառավարման համակարգը հնարավորություն տալիս է այդ փոփոխությունների, սակայն դրա համար մի շատ կարևոր բան է անհրաժեշտ՝ մեծ կամք։