«Տաշիրն» ու «Դինամոն» կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 26-27-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Մեր թիմը Թեհրան կմեկնի հետեւյալ կազմով. Գառնիկ Մնացականյան (57 կգ քաշային կարգ), Երվանդ Թադեւոսյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (86 կգ) եւ Անդրանիկ Գալստյան (125 կգ): Թիմը գլխավորում են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը եւ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը: Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Առաջին տեղը գրաված ակումբը կստանա 50 հազար դոլար, 2-րդը` 30 հազար, 3-րդը` 20 հազար: Դեկտեմբերի 14-16-ը Թեհրանում կկայանա նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի «Դինամո» ակումբը: