Կատալոնական 4-րդ սիմֆոնիան Մադրիդում
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հերթական տուրում տեղի ունեցավ թվով 171-րդ «Էլ Կլասիկոն»: Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում «Ռեալը» հյուրընկալեց «Բարսելոնային»:
Հանդիպումից առաջ երկու թիմերի նախկին ֆուտբոլիստները լարված ու անզիջում պայքար էին կանխատեսում, եւ միայն «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովն էր հայտարարել, որ խաղը «Ռեալի» համար ողբերգական ավարտ է ունենալու:
Բուլղարացի նախկին ֆուտբոլիստը, կարծես շարունակելով իր հայրենակցի՝ հանրահայտ պայծառատես Վանգայի գործը, լիովին գուշակեց խաղի ելքը: «Բարսելոնան» ուրուգվայցի Լուիս Սուարեսի, բրազիլացի Նեյմարի եւ կատալոնցի Ինյեստայի օգնությամբ 4 անպատասխան գոլ խփեց եւ ջախջախեց «Ռեալին»:
Հանդիպումից հետո մադրիդցի ֆուտբոլասերները սկսեցին սպիտակ թաշկինակներ եւ թղթեր թափահարել, ինչը տեղի ավանդույթով նշանակում է հրաժարական պահանջել թիմի գլխավոր մարզչից:
Նշենք, որ «Բարսելոնան» տարավ իր թվով չորրորդ ամենախոշոր հաղթանակը Մադրիդում: Առաջին անգամ կատալոնցիները մադրիդցիներին ջախջախել էին 1926 թվականին՝ 5:1: Երկրորդ անգամ դա նրանց հաջողվել էր 1975-ին, երբ հանրահայտ հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի անմիջական գլխավորությամբ հինգ անպատասխան գնդակ էին ուղարկել իրենց գլխավոր ախոյանների դարպասը:
Վերջին անգամ «Բարսելոնան» Մադրիդում ֆուտբոլային սիմֆոնիա էր տվել 2009 թվականի մայիսի 2-ին, երբ հաղթել էր 6:2 հաշվով: Իսկ ահա «Ռեալին» չի հաջողվել վերջին 20 տարիներին խոշոր հաշվով հաղթանակ տանել «Բարսելոնայի» դաշտում:
