Հայաստանի շախմատիստները կպայքարեն 2-3-րդ տեղերի համար
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնության մրցանակային տեղերի համար: Իսլանդիայում ընթացող մրցաշարում այսօր տեղի կունենա վերջին՝ 9-րդ տուրը: Հայաստանի հավաքականը կհանդիպի հարեւան Վրաստանի ընտրանու հետ: Երկու թիմերն էլ վաստակել են 11-ական միավոր եւ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի հետ բաժանում են 3-7-րդ տեղերը: Երկրորդ տեղում գտնվող Հունգարիան ընդամենը մեկ միավորով է առաջ սույն հնգյակից, իսկ ահա առաջնության առաջատար Ռուսաստանն արդեն անհասանելի է: Հունգարացիները ուժերը կչափեն հենց ռուսների հետ, որոնց ընդամենը մեկ միավոր է բաժանում չեմպիոնի կոչումից: Ֆրանսիան մրցելու է Հոլանդիայի, իսկ Գերմանիան՝ Ադրբեջանի հետ, որն արդեն կորցրել է բոլոր շանսերը եռյակ մտնելու համար: Մեդալ նվաճելու համար Հայաստանի հավաքականը պետք է անպայման հաղթի Վրաստանին: Սակայն, եթե Հունգարիան ու Ֆրանսիան հաղթանակ տանեն, ապա մերոնք կմնան առանց մրցանակի, քանի որ լրացուցիչ գործակիցներով զիջում են ֆրանսիացիներին: Այսօր հանդիպումները կմեկնարկեն տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին, քանի որ մրցաշարի ավարտից հետո տեղի է ունենալու պարգեւատրման եւ փակման արարողություննները: Հուսանք, որ Հայաստանի հավաքականը ակտիվ մասնակցություն կունենա այդ միջացառումներում: