Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԼԻԲԵՐԱԼ

Քաղաքականություն

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը Եվրամիությանն Հայաստանի ինտեգրվելու վերաբերյալ դասախոսություն էր կարդում Վլ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: 2003թ խորհրդարանական ընտրություններում 115 ամյա սոցիալիստական-ավանդական ՀՅԴ կուսակցությանը հարող Թումանյանի շատ տեսակետներ զարմանալիորեն լիբերալ-առաջադիմական էին:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Նոր երկիր» նորաստեղծ կուսակցության ղեկավար Արտաշես Թումանյանի զեկույցը վերնագրված էր՝ «Հայաստանի Եվրաինտեգրման հեռանկարները»: Նա ասաց, որ ներկայացնում է միայն սեփական տեսակետները, ըստ որոնց` եվրաինտեգրման մեր քաղաքականությունը ոչինչ է, եթե չի ավարտվելու Եվրամիությանը միանալու հայտով:

«Այդ հեռանկարն իրականացնելու դեպքում մենք կռիվներից ու շրջափակումներից ազատված կլինենք, եւ տվյալ դեպքում հարկավոր է ոչ թե անդամ պետությունների ռեսուրսները հակադրել, այլ՝ համադրել, քանի որ սահմաններն արդեն վերանում են, պայմանական են դառնում»,- ասաց նա:

Միաժամանակ բանախոսը գլոբալիզացիայից վախեցող ուսանողներին հանգստեցրեց, որ Եվրամիությունը եզակի կառույց է, ուր խրախուսվում են ազգերի ինքնությունը, բազմազանությունը: «Այսինքն՝ եթե մենք մեր առջեւ դնում են ինքնությունը, մշակույթը պահպանելու խնդիր, նրանք դա միայն խրախուսում են»,- վստահեցրեց Արտաշես Թումանյանը:

2003թ. խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին եռյակում հայտնված քաղաքական գործիչ Թումանյանը նաեւ շատ խորհրդանշական տարեթվերով պայմանավորված հայտարարություն արեց. «Ես չեմ ասում, թե Հայաստանը 50 կամ 100 տարի հետո կարո՞ղ է լինել Եվրամիության անդամ, այլ՝ հստակ՝ 15 թվին, 18 թվին կլինեն՞ք եվրոպական ընտանիքի անդամ, թե՝ ոչ»:

Նաեւ ասաց. «Եթե ինձ հարցնեն՝ ինչու՞ հենց Եվրոպա, ես կասեմ՝ հապա ու՞ր, եթե ոչ դեպի Եվրոպա: Համենայն դեպս, եվրոպական ուղղությունն անվտանգ է, ուր ինտեգրվելու դեպքում հյուսիսային, արեւելյան կամ արեւմտյան ուղղությունները մեր նկատմամաբ առանձնապես քաղաքական խանդի առիթներ չեն ունենա»:

Իսկ Եվրոպային արժանանալու համար մեր երկրում պետք է գործեն ժողովրդավարական սկզբունքներ, չլինեն ընտրախախտումներ, հասարակական կարծիքի ուղղորդումներ, որոնց մասին Արտաշես Թումանյանն ասաց, թե բազմաթիվ են եղել:

Սեմինարին տեսակետ ներկայացրեց նաեւ ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը, իսկ այդ բուհի նորընտիր կառավարման խորհրդի նախագահ Վիկտոր Սողոմոնյանը, ով զբաղեցնում է նաեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը, նստած էր դահլիճում եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի ելույթից հետո հեռացավ: Արտաշես Թումանյանից հարցրինք՝ «Դուք նախագահի աշխատակա՞զմն էիք այսօր ներկայացնում, թե՞ «Նոր երկիր» կուսակցությունը»: «Ինձ հրավիրել էին այդ թեմայով զեկույց կարդալու, եվ ես ներկայացնում էի զուտ սեփական տեսակետները»,- պատասխանեց նա: