Առինջ գյուղում էկոտուն կկառուցվի (տեսանյութ)
Առաջիկայում մի քանի մասնագետների նախաձեռնությամբ Առինջ գյուղում էկոտուն կկառուցվի։ «Խոսքն առանձնատան մասին է։ Էկոտունն իրենից ենթադրում է ապակեպատ կառուցվածք։ Հատուկ պանելներ են նաև օգտագործվելու, որոնց միջոցով պետք է էլեկտրաէներգիայի հարցը լուծվի։ Արևային օրերի թիվը մեր երկրում միջինում կազմում է 300 օր։ Այս առումով բավականին լավ տարբերակ է։ Լիարժեք ջերմամեկուսացում կարող ենք կատարել։ Մոտ 50.000 դոլարի սահմաններում կարելի է այս ծրագիրն իրականացնել»,-նշեց նախաձեռնության համահեղինակ, ճարտարապետ Գագիկ Հարությունյանը։ Էկոտանն ապրելը ոչ միայն ծախսերի կրճատման, այլև առողջության պահպանման տեսանկյունից մի շարք առավելություններ ունի։ «Սովորական սենյակում նյութերի 80 տոկոսը վնասակար են՝ սկսած լամինատից։ Իսկ էկոտան համար օգտագործելու ենք բնական նյութեր։ Փորձելու ենք փոխարինել նաև երկաթբետոնե կառուցվածքները»,-շեշտեց ճարտարապետը։ Յուրահատուկ տան կառուցման համար նյութերը տրամադրելու է «Օնիքս ԳԿ» շինարարական և արտադրական ընկերությունը։ «Երկու տարի է՝ ապակեպլաստի նյութ ենք ստանում։ Հիմա բնակչությունը վճարունակ չի և մենք փորձում ենք արդյունավետ տեխնոլոգիաներ օգտագործել։ Սա կարող է բերել գազի խնայողություն, թեև մեր պետությանը դա ձեռնտու չէ, քանի որ «Գազպրոմ» ընկերությունը թիվ մեկ հարկատուն է։ 110 քառ. մետրի չափով տուն ենք նախատեսում։ Եվ ասեմ, որ արդեն պատվիրված են պանելները»,-ասաց ընկերության տնօրեն Գագիկ Կիրակոսյանը։ Նշենք, որ այս նախագծում պետական աջակցություն չկա. նախաձեռնողները սեփական միջոցներով են իրականացնելու։