Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառայողական մեքենաների միջոցով սոցիալական խնդիրներ ենք լուծում». նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
Gagik-nkar

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համամիտ չէ, թե փոքր ու միջին ձեռնարկությունների մեծ մասը փակվում է։ «Պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է փաստում. 2015 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հարկային մարմնում հաշվառված և Շրջանառության հարկ վճարող ՓՄՁ-ների թիվը կազմել է 67.830, 2014 թվի՝ 58.163 սուբյեկտի դիմաց։ Այսինքն, մենք ունենք ոչ թե ՓՄՁ-ների թվաքանակի նվազում, այլ շուրջ 16,6 տոկոս աճ»։ Սակայն նախարարը չի հերքում, որ ՓՄՁ-ների որոշ մասն, այնուամենայնիվ, դադարեցնում են գործունեությունը. «Իհարկե, փակվում են։ ՓՄՁ-ների փակման հնարավոր ռիսկերը հարկային և օրենսդրական գործոններով պայմանավորված չեն։ Պատճառները պետք է փնտրել կարգավորումների այլ դաշտում. ոչ հաշվենկատ գործունեություն, խոշորների հետ մրցակցելու սահմանափակ կարողություններ և այլն»։ Այն, որ Դանիայում ծառայողական մեքենաները բավականին քիչ են, իսկ Ֆինանսների նախարարությունում և ընդհանրապես՝ մեր պետական մարմիններում, բավականին շատ, պարոն Խաչատրյանը պատճառը գիտի։ «Դանիայում դա արվում է ոչ թե խնայողություններ անելու, այլ բնապահպանական խնդիրների մասին հոգ տանելու պատճառով»։ Նախարարը նաև պարզել է, որ Դանիայում պետական ծառայողների սոցիալական երաշխիքների, առողջապահական խնդիրների լուծման համար բազմապատիկ անգամ շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան մեր երկրում. «Ծառայողական մեքենաների միջոցով մենք մեր ծառայողների համար որոշակի սոցիալական խնդիրներ ենք լուծում, քանի որ նրանց աշխատավարձով հնարավոր չէ լուծել այդ խնդիրները։ Իսկ աշխատանքային պայմանների առումով համեմատությունները նույնպես անհամադրելի են։ Նույն Դանիայում այսպիսի խնդիրներ չկան, քանի որ նվազագույն աշխատավարձը 1 ժամվա համար համարժեք է 20 դոլարի, այն դեպքում, երբ մեր երկրում այն կազմում է ընդամենը 330 դրամ։ Ամսական միջին աշխատավարձն այնտեղ 3400, մեր երկրում՝ 340 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է»։